ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻՆ
00:00, June 28, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԸստ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկատվության՝ ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախորդ օրը անհայտ կորածների (մասնավորապես՝ «Արաբո» ջոկատի նահատակների) ծնողների եւ հարազատների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մարտակերտում 1992 թ. իրականացված մարտական գործողություններին.
«Տեղանքն այնպիսին է, որ դիրքերն իրարից հեռու են գտնվել՝ խաղողի խիտ այգիների պատճառով, ինչը խոչընդոտել է ռազմական տեխնիկայով գործողություններ կատարելուն եւ ինչի պատճառով էլ պաշտպանությունը կազմակերպվել է բնակավայրերի մոտ: Սա բերել է նրան, որ առաջին գծում առաջացել են ճեղքեր: 1992-ին այդ հատվածում կարողացել ենք թշնամու առաջխաղացումը կանգնեցնել միայն մեր արագության շնորհիվ»:
Ս.Օհանյանը հավելել է, որ հուլիսի 1-ին Բիշքեկում մասնակցելու է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, հանդիպում է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որին հաղորդելու է որոշ մտահոգություններ` զոհված ազատամարտիկների` պետական պատշաճ մակարդակով արտաշիրիմման հարցի կապակցությամբ:
Հանձնաժողովը որոշել է պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին՝ դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://new.aravot.am/am/news/0/view