Կուսակցական գործունեությունը ուսումնական հաստատություններում խոսում է ճնշումների մասին. Ա. Սաքունց
00:00, November 9, 2011 | Նորություններ | Ընտրական իրավունքԿուսակցական գործունեությունը ուսումնական հաստատություններում խոսում է ճնշումների մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը`պատասխանելով այն հարցին, թե կուսակցություններն իրավունք ունե՞ն գործունեություն ծավալել ուսումնական հաստատություններում:
«Ուսումնական հաստատություններում կուսակցական գործունեություն իրականացնելու տենդենցը սկսվել է դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ. որոշ հաստատություններում ՀՅԴ անդամներին էին անդամագրում, իսկ հետո՝ «Օրինաց երկիր» կուսակցության: Ես մարդու իրավունքի կոպիտ ոտնահարում եմ գնահատում այն, որ ըստ էության մարդկանց պարտադրում են անդամագրվել, որովհետև եթե նա չհամաձայնվի որևէ կուսակցության անդամ դառնալ, ապա կարող է կորցնել աշխատանքը, կարող է նաև իր բիզնեսի հետ կապված խնդիրներ ունենալ»,-մեկնաբանեց իրավապաշտպանը` հավելելով, որ դրա վերաբերյալ բազմաթիվ օրինակներ կան: Նրա կարծիքով` եթե ուսումնական հաստատությունում է տեղի ունենում նման կուսակցական ժողով, այլ ոչ թե կուսակցության շտաբում, դա արդեն խոսում է նաև որոշ ապակուսակցական կառույցների կողմից ակնհայտ ճնշման դրսևորման մասին, որը իրավունքի կոպիտ ոտնահարում է:
«Ավելի մեծ խախտում է երբ աշխատանքային ժամի են նման գործունեություն իրականացնում»,- ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: