Կրակել են Ս.Սարգսյանի նախընտրական շտաբների վրա
00:00, February 2, 2008 | Ընտրական իրավունքՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս.Ալեքսանյանից 2008 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:20-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող, ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում անհայտ անձինք հրացանից երկու կրակոց են արձակել Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ՝ կոտրելով պատուհանների ապակիները:
Դեպքի վայրի զննությամբ շտաբի մուտքի դռան դիմաց՝ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հրացանի պարկուճի մեջ գնդակներ ամրացնող պոլիէթիլենային երկու ամրիչ, որոնք առգրավվել են:
Դեպքի առթիվ 2008 թվականի փետրվարի 1-ին ոստիկանություն Նոր Նորքի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Փետրվարի 1-ին Ս.Ալեքսանյանից ստացվել է երկրորդ ահազանգը, որ կրակել են Երեւան քաղաքի Միկոյան փողոցի թիվ14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ, որի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում անհայտ անձինք հրացանից մեկ կրակոց են արձակել Երեւան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ՝ կոտրելով պատուհանի ապակին:
Զննությամբ վարսավիրանոցի մուտքի դռան դիմաց՝ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ առգրավվել է հրացանի պարկուճ մեջ գնդակ ամրացնող պոլիէթիլենային մեկ ամրիչ:
Դեպքի առթիվ 2008 թվականի փետրվարի 1-ին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.genproc.am/main/am/177/3049/