Կրկին խախտում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը
00:00, May 22, 2009 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն2009թ. մայիսի 22-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ
Մ. Օհանյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին:
2009թ. մայիսի 22-ին` առավոտյան ժամը 9:00 – 9:20-ն ընկած ժամանակահատվածում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները Վանաձորի ավտոկայարանում արձանագրել են, որ Վանաձոր – Երևան երթուղին չի սպասարկվում:
Երևան չեն մեկնում միկրոավտոբուսները և ավտոբուսները:
Կազմակերպության նույն աշխատակիցները արձանագրել են նաև, որ Վանաձոր – Երևան և Ստեփանավան – Երևան ճանապարհի սահմանագծում կանգնած ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում ու ստուգում են Երևան մեկնող բոլոր միկրոավտոբուսները և ավտոբուսները:
Նմանօրինակ փաստ է արձանագրվել նաև Սպիտակ քաղաքում, երբ Երևան մեկնող ավտոբուսի մարդկանց ոստիկանության մոտավորապես չորս աշխատակիցներ իջեցրել են ավտոբուսից և միայն տասը րոպեից են թողել, որպեսզի տվյալ ավտոբուսը մեկնի Երևան:
Մեր գրասենյակի աշխատակիցների այն հարցին, թե ինչու՞ է դադարեցված Վանաձոր -Երևան երթուղու սպասարկումը, Վանաձորի ավտոկայարանի վարորդները պատասխանել են, որ Երևանում հավաք է սպասվում, որի պատճառով քաղաքացիների Երևան տեղափոխումը դադարեցված է:
Հիմնվելով վերոգրյալ հանգամանքների վրա` խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ի՞նչ իրավական հիմքով է դադարեցվել Վանաձոր – Երևան երթուղու սպասարկումը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` կանխարգելելու նման իրավիճակները: