Կրոնական դաստիարակության խոչընդոտը ազատ մտածելու կարողության բացակայությունն է
00:00, June 3, 2006 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԳյումրի քաղաքում գործող Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրում քրիստոնեական դաստիարակություն են ստանում 50 երեխաներ: Կրթահամալիրը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, որը քիչ է տարբերվում բողոքական դավանաբանությունից և ավելի մոտ է անգլիկան եկեղեցուն:
Կրթահամալիրի ղեկավարը, որին բոլորը դիմում են քույր Արուսյակ անվամբ, չի կարող հստակ ասել, թե սաներից որքանն է ներկայացնում Հայ առաքելական, որքանը՝ կաթոլիկ եկեղեցին: Այստեղ երեխաներին դաստիարակում են առաքելական կրոնի սկզբունքներով, ծանոթացնում սեփական կրոնին, որպեսզի տգետ չմեծանան ու կարողանան տարբերակել դիմացինի առաջարկած կրոնն ու պահպանել դավանանքը: Քույր Արուսյակը կարևորում է երիտասարդների դաստիարակությունը ազատամտության ու ազատ մտածելու կարողության ձևավորման համար: «Որոշ արժեքներ փոխելու, մտայնություն փոխելու համար շատ ժամանակ է պետք»,-ասում է նա ու մատնանշում խորհրդային տարիներից դեռևս մնացած երևույթները:
«70 տարի մի ազգ ազատ չի մտածել: Ինչու՞ պիտի հիմա ազատ մտածի: Մի զանգված կա, որը այսպես պիտի մեռնի»,-կարծում է կաթոլիկ արժեքներ դավանող քույր Արուսյակն ու օրինակ բերում անգամ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:
«Նույնիսկ մեր այսօրվա ղեկավարները ազատ չեն մտածում: Եվրոպայում դաստիարակված չեն, որ ազատամիտ, ազատ մտածելու կարողություն ունենան և ճնշված չլինեն, որ այդպես են մտածում»:
Սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատելը փոփոխությունների չի բերի: Հայաստանի այն գյուղերում, որի բնակչությունը դավանում է կաթոլիկ եկեղեցուն, կրթահամալիրի ներկայացուցիչները քրիստոնեություն են դասավանդում, ծանոթացնում նրա էությանն ու սկզբունքներին: Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բնակավայրերում նման աշխատանք չի տարվում: Առաքելական եկեղեցին հավանություն չի նման առաքելությանը, մյուս կողմից էլ պետությունը միայն առաքելականին է թույլատրել մուտք գործել հանրակրթական հաստատություններ:
«Մինչդեռ որպես գիտություն բոլոր եկեղեցիների պատմության մասին արժե ծանոթացնել մատաղ սերնդին»,-կարծում է Քույր Արուսյակն ու հաստատում, որ իրենք խնդիր չունեն ո°չ պետության, ո°չ էլ առաքելական եկեղեցու հետ: Ի վերջո, սա այն երկիրն է, որտեղ առաքելական եկեղեցին է միշտ եղել, և այն ուժեղ է պետության հետ: Բայց վերջին տարիներին, ինչպես նկատում է Քույր Արուսյակը, հայ առաքելական եկեղեցու երիտասարդ ներկայացուցիչների շրջանում ազատամտության դրսևորումներ են ի հայտ գալիս: «ուցե այն պատճառով, որ ուժեղ են զգում իրենց»,- ասում է նա: Ներկայիս իրավիճակը փոխելու համար ժամանակ է պետք: Նա կարծում է, որ կարիքն է մարդկանց ստիպում գնալ աղանդների հետևից: «Մի օր, երբ կարիք չունենան, չեն գնա: Երբ վիճակը բարելավվի, ժողովուրդը կկողմնորոշվի»: Կան բաներ, որ տարիներ կտևեն, մինչև արմատներ գցեն: Բարեփոխումների կարևոր օղակը քույր Արուսյակը համարում է երիտասարդությանը, որի հետ տևական աշխատանք է հարկավոր:
Նաիրա Բուլղադարյան