Կրոնական կազմակերպություններին հազիվ հանդուրժում են
00:00, June 1, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՇիրակի մարզում 632 մարդ անդամակցում է ավետարանական մկրտական եկեղեցուն: Կրոնական այս կազմակերպություն կարող են մուտք գործել միայն չափահաս մարդիկ, որոնք ցուցաբերում են «գիտակցված որոշում»՝ այսինքն՝ արդեն ընտրել են իրենց դավանանքն ու մկրտվել ջրով:
Կրոնական այս կազմակերպության համար կարևորը ավետարանական գաղափարախոսության տարածումն է:
Շիրակի մարզի ավետարանական մկրտական եկեղեցու ղեկավար Ռուբեն Փահլևանյանը, ում դիմում են վերապատվելի հովիվ անվամբ, ասում է, թե իրենց եկեղեցին ամենևին էլ մեկուսացված չէ հասարակությունից: Նրանց հետաքրքրում են այն բոլոր խնդիրները, որոնք առնչվում են նաև համայնքի անդամներին՝ սկսած խաղաղությունից ու պատերազմից մինչև աղբահանություն, գազի գների թանկացում: Նրանք ակտիվորեն մասնակցում են մարզի հասարակական կյանքին, մասնակցում հասարակական կազմակերպությունների նախաձեռնած միջոցառումներին, հանդես գալիս քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ: Եվ եթե անհրաժեշտ լինի որևէ դիրքորոշում ցուցաբերել հասարակական հարցի վերաբերյալ, Ռուբեն Փահլևանյանը պատրաստ է հորդորել, համոզել իր համայնքի անդամներին մասնակցություն ունենալու: Բայց բացահայտ քարոզչություն անել համայնքի ղեկավարը չի անում: Առավել ևս, եթե այն վերաբերում է քաղաքական գործընթացներին:
«Հազիվ հանդուրժում են մեր գոյությունը»,-ասում է վերապատվելի հովիվն ու մեկնաբանում, թե քաղաքական որևէ գործընթացի բացահայտ մասնակցելու դեպքում համայնքը հնարավոր է ենթարկվի ազդեցությունների ու ճնշումների: Իսկ դա փոքրամասնության համար ամենևին էլ դրական ավարտ չի ունենա: «Այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն: Մենք ապրում ենք ռազմաֆեոդալական հասարակությունում և հարվածի տակ դնել այսօր գործող եկեղեցիներին, մեր մտավախությունն է»,-ասում է Ռուբեն Փահլևանյանը: Կրոնական այս կազմակերպության և ոչ միայն իրենց, մտահոգության առարկան վերջերս դարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները: Դրանով առավել ամրացվեց Հայ առաքելական եկեղեցու հիմքերը: ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ազգային անվտանգության հայեցակարգում ևս ամրագրվում է Հայ առաքելական եկեղեցու՝ ազգային անվտանգության մեջ կարևոր դեր ունենալու փաստը: Չնայած կրոնական մի քանի կազմակերպություններ սահմանադրական փոփոխություններից առաջ հավաքվել են ու փորձել քննարկել իրենց առնչվող հարցերը, այդուհանդերձ որոշել են չեզոք մնալ: Ռուբեն Փահլևանյանն այն կարծիքին է, որ կա հստակ քաղաքականություն և գնալ դրա դեմ, նշանակում է վտանգի տակ դնել մի ողջ կրոնական կազմակերպություն: Ավետարանական մկրտական եկեղեցու առաջնորդը սպասում է հասարակական քննարկումներին, որոնց հույս ունի, որ կհրավիրեն նաև իրենց՝ քննարկելու ազգային անվտանգության հայեցակարգը: Մյուս կողմից էլ թերահավատ է, որովհետև կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունը մշակելիս ու քննարկելիս իրենց չեն կանչում, «բավարարվում են մի քանի կղերներով ու հեռուստատեսային կարճատև հաղորդումներով»: Չնայած այլ կրոնական կազմակերպությունների հետ ձևավորված են նորմալ հարաբերություններ, այդուհանդերձ համատեղ որևէ ձեռնարկումներ չունեն: Բավարարվում են հանդիպումներով, որոնց ընթացքում փորձում են դավանաբանական տարբերություններին չանդրադառնալ: Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններ որպես այդպիսին չունեն: Դրանք սահմանափակվում են առաքելական եկեղեցու կողմից տարբեր ճնշումներով ու պախարակումներով: Վերջերս, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ուղղակի արգելել է յումրիի տեղական հեռուստատեսություններին եթեր տրամադրել մյուս կրոնական կազմակերպություններին: Մինչ այդ, Ռուբեն Փահլևանյանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել հեռուստատեսային բազմապիսի հաղորդումների, այդ թվում՝ նաև ոչ կրոնական թեմաներով: Առաքելական եկեղեցու վերաբերմունքը արտահայտվել է նաև այլ ոլորտներում ևս: Արթիկի շրջանի Նահապետավան գյուղի քահանան արգելել է դպրոցի տնօրենին տարածք հատկացնել Ավետարանական մկրտական եկեղեցուն կիրակնօրյա դասեր անցկացնելու համար: Կրոնական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց ինտեգրմանը հասարակությունում որպես նույն այդ հասարակության բաղկացուցիչ մաս, լուծելու ուղին Ռուբեն Փահլևանյանը համարում է շփումը հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների հետ: Եկեղեցին այսօր աշխատում է փոխել հասարակության կարծիքը իրենց գործունեության, նպատակի նկատմամբ: Նրանք զբաղվում են ոչ միայն կրոնական, այլև սոցիալական խնդիրների լուծմամբ: Եվ բնավ էլ պարտադիր չէ, որ մարդը համարվի նրանց եկեղեցու անդամ, որ ստանա որևէ աջակցություն:
Շիրակի մարզից մոտ 800 երեխաներ ընգդրկված են եկեղեցու տարբեր խմբակների գործունեությունում: Նրանք եկեղեցու անդամներ չեն: Ինչպես Ռուբեն Փահլևանյանն է ասում, քրիտոնեական դաստիարակության համար են գործում այդ խմբակները, ու ծնողների իմացությամբ են երեխաները գալիս և պարտադիր չէ, որ ծնողները ևս լինեն ավետարանական մկրտական եկեղեցու անդամ: «Բարեգործությունը այս եկեղեցու քաղաքականությունն է, ինչ մասին ասում է նաև Ավետարանը»,-նշում է եկեղեցու վերապատվելի հովիվը:
Եկեղեցին յումրիիում երկու բարեգործական ճաշարաններ ունի, որոնք սնում են 150 տարեցների և 100 երեխաների: Սոցիալապես անապահովների ցուցակը ճշտելու համար ավետարանական մկրտական եկեղեցու անդամները համագործակցել են պետական, տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների հետ:
Ավետարանական եկեղեցին յումրիում 160-170 տարիների պատմություն ունի: «Թյուր կարծիք կա, որ սա հետերկրաշարժյան նորամուծություններից մեկն է: Բայց իրականում պատմականորեն փաստագրված, վավերացված տվյալներ կան, որով 1914թ-ին Ալեքսանդրապոլի ավետարանականները դիմում գրեցին Կովկասում ռուսական ցարի տեղապահ Վորոնցով Դաշկովին՝ պետական գրանցում ստանալու խնդրանքով: Այդ պատմական իրադարձությունները կանխվեցին, ու ցարական իշխանությունները չգրանցեցին:
«Հետերկրաշարժյան տարիները, որոնք թե° քաղաքական, թե° տնտեսական խառնաշփոթ բերեցին, նպաստեցին նաև կրոնական կազմակերպությունների վերելքին: Դրանց նպաստեց նաև արտասահմանի հավատակից եկեղեցիների հետ կապերի աշխուժացումը»: Այսպես Շիրակի մարզում ևս սկսեց գործել այս եկեղեցին, որն ընգրկված է Հայաստանի մկրտական եկեղեցիների խորհրդի կազմում: Դրանում ընդգրկված են Հայաստանում գործող բոլոր մկրտական եկեղեցիները, որոնց թիվը հասնում է 65-ի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող կրոնական կազմակերպությունների ուսումնասիրման ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել բազմակարծիք հասարակություն, որտեղ իրապես գոյություն կունենա կրոնի ազատություն: Ծրագրի իրականացման ընթացքում կբացահայտվեն Հայաստանի մարզերում գործող կրոնական կազմակերպությունների ու փոքրամասնությունների խնդիրները, դրանք կներկայացվեն հանրությանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից վերլուծության կենթարկվի «Կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը և գրքույկի տեսքով կներկայացվի պետական կառույցների, կրոնական կազմերպությունների, ՀԿ-ների:
Նաիրա Բուլղադարյան