Կրոնական հանդուրժողությունը Վանաձորում
00:00, March 26, 2009 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատություն«Խղճի ազատության հարցը դեռևս մնում է խնդիր և հանդիսանում է մարդու իրավունքների վիճակի առաջին ցուցանիշը»-նշեց Արթուր Սաքունցը «Կրոնական հանդուրժողությունը Վանաձորում» թեմայով քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ 2009 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:
Այն կազմակերպվել էր խտրականության բոլոր ձևերի վերացման միջազgային օրվա առիթով, UNITED եվրոպական ցանցի կողմից ամենամյա ակցիայի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցում էին մի քանի կրոնական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր` քննարկել հասարակության վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների հանդեպ, ինչպես նաև «Խղճի ազատության եվ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ստեղծվել է իբր առկա կրոնական խնդիրները լուծելու համար, սակայն այն ինքնին խնդիր է հանդիսանում, խտրականություն է դրսևորում ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
Նախագծի միջոցով հեղինակները ցանկանում են ընդգծել առաքելական եկեղեցու կարևորությունը:
Քննարկվեցին օրենքի նախագծի դրույթները, որոնք հանդիսանում են հակասահմանադրական և սահմանափակում են խղճի ազատությունը: «Կրոնական դավանանքի հենքով խղճի ազատության վրա կարող են դնել խտրականություն, որը հանդիսանում է բոլորիս խնդիրը»-նշվեց հանդիպման ժամանակ: Քննադատվեց օրենքում առկա «հոգեորսություն» հասկացությունը, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ կրոնական կազմակերպությունների նկատմամբ զանգվածային հետապնդումների:
Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ մինչ օրենքի ընդունումը այն պետք է քննարկվի հասարակության կողմից, որը սակայն չի իրականացվել: Օրենքի հեղինակները գտնում են, որ կրոնական բազմազանությունը չարիք կարող է հանդիսանալ ազգապահպանման հարցում, սակայն ըստ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ազգային ինքնությունը որևէ կապ չի կարող ունենալ կրոնական ինքնության հետ:
Կրոնական կազմակերպությունների նկատմամբ իրավիճակը ներկայացրեց նաև Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանը՝ նշելով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են, թե որքան մեծ չարիք են կրոնական կազմակերպությունները հայ ազգի համար՝ ընդգծելով անհանդուրժողության առկայությունը կրոնական բազմազանության նկատմամբ, թեև վերջինս, որը հանդիսանում է քաղաքացիական հասարակություն ունենալու պայմաններից մեկը:
Մասնակիցները առաջարկեցին կազմակերպության նախագահին ստեղծել լուրջ մասնագիտական փորձագիտական վերլուծություն եվ դիմել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին՝ հույս հայտնելով, որ այդ դեպքում կկասեցվի նախագծի հեղինակների նախաձեռնությունը: