Հայաստանին կտա՞ն եվս մեկ շանս
00:00, June 24, 2008 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Ոստիկանություն, Քաղբանտարկյալներ«ԵԽԽՎ գնահատականը որեւէ էական նշանակություն չի ունենալու Հայաստանի իրավիճակի համար»,-այս կարծիքին է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Վաղը ԵԽԽՎ-ում քննարկվելու է` ինչպես է Հայաստանը կատարել թիվ 1609 բանաձեւի պահանջները: Արթուր Սաքունցը համարում է, որ ՀՀ իշխանությունները ԵԽԽՎ-ում կներկայացնեն, որ կատարել են ինչ-ինչ քայլեր, բայց նաեւ ահագին անելիքներ կան եւ խնդրում են ժամանակ տրամադրել, որ կարողանան մնացած պահանջներն էլ կատարել:
«Խնդիրն այն է, որ քաղբանտարկյալների հարցով որեւիցե բան չի կատարված, բացառությամբ մի քանի դեպքերի, որ էլի անհասկանալի է, թե ինչի հիման վրա են մեկի քրեական հետապնդումը դադարեցրել, մյուս դեպքում շարունակում են անազատության մեջ պահել»,- նկատում է Արթուր Սաքունցը:
Վերջինս կարծում է, որ իրապես իշխանությունը բովանդակային տեսակետից չի կատարել որեւիցե քայլ եւ չէր էլ կարող կատարել: Նա կարծում է, որ ԵԽԽՎ-ն հիմա միայն քաղաքական որոշում է կայացնելու եւ Հայաստանի իշխանություններին կտա եւս մի շանս. «Բայց պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ավելի կոշտ մոտեցումներ ունի եւ այստեղ վիճակը ավելի անորոշ է ռեժիմի համար: Ինքը հիմա գտնվում է փակուղային վիճակում»:
«ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»
Հայաստանում շարունակվում են քննչական մարմինների կողմից խոշտանգումները: Նման կարծիքի է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նախորդ տարիների համեմատությամբ աճ կամ նվազում դժվարանում է ասել, քանի որ «որեւէ քանակական տվյալներ բերելը ենթադրում է հավաքել փաստեր, իսկ փաստերի հավաքագրումը սովորաբար դժվարությունների հետ է կապված այն իմաստով, որ անգամ խոշտանգման զոհը կարող է հրաժարվել խոշտանգման մասին հայտնելուց»:
Ըստ նրա` բնականաբար խոշտանգում կատարողը ընդհանրապես հերքում է, այդ տեսակետից պրակտիկան քննչական մարմինների կողմից շարունակվում է, քանի որ գիտեն, որ պատասխանատվության չեն ենթարկվելու: Արթուր Սաքունցի բնորոշմամբ` խոշտանգումների վառ ապացույցը մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա իրավապահ մարմիների կողմից կիրառված բռնություններն են, որոնց վերաբերյալ որեւէ հետաքննություն չի կատարվում:
«Ձերբակալել էին Գագիկ Ջհանգիրյանին, այնուհետեւ կալանք էին կիրառել, երբ հանդիպեցինք, նա բացառում էր բռնության կիրառման փաստը, բայց մենք նկատեցինք, որ նրա ձախ այտի ներքեւը գոյացություն կար, հարցին, թե ինչի՞ց է, ասաց` քնել է, դրանից է: Իհարկե, ես դա հիմք չէի կարող ընդունել, միանշանակ էր, որ բռնություն են կիրառել: Բայց հիմա նոր է նա բարձրաձայնում,- «Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը,- նույնիսկ դատախազի տեղակալը խոշտանգման կամ բռնության փաստի կիրառման մասին անմիջապես չի կարողանում կամ խուսափում է ասել: Այսինքն` նա երաշխիքներ չունի, որ կարող է հետո խոշտանգումների չենթարկվել, եթե հայտնի»:
Իրավապաշտպանը վստահ է, որ քանի դեռ Ջհանգիրյանի նկատմամբ բռնություն կատարողները պատասխանատվության չեն ենթարկվել, նրա իրավունքները մնում են խախտված:
Իրավապաշտպանը կարծում է, որ միանշանակ է, որ ցանկացած պետության մեջ, որ իրավիճակը փոխվի, պետք է քաղաքական կամք, ինչը վերջինս չի տեսնում Հայաստանում: «Որպես անմիջական օրինակ օմբուդսմենի զեկույցի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը, որ ուղղակի տեռորի ենթարկեցին, փոխանակ ուսումնասիրելու եւ փորձելու պատասխաններ գտնել: Մտքի դեմ չունենալով որեւէ արգումենտ` միտքը կրողի դեմ էին քայլ կատարում: Սա էլ է իշխանության վարքագիծը եւ այս տեսակետից նման իշխանությունը որեւիցե քայլ կատարելու եւ ակնկալելու փոփոխություն կմտցնի, հնարավոր չի»,-ասում է նա:
Իսկ վերջում ավելացնում է, որ քանի դեռ կա ոչ լեգիտիմ իշխանություն, կեղծված ընտրությունների արդյունքներով ընտրված իշխանություն, «խոշտանգման ենթակա է ամբողջ հասարակությունը, յուրաքանչյուրը, ով հարմար չէ այդ ռեժիմին»: