Հայաստանի ոստիկանական համակարգում 10-ից 5-ի դեպքում կիրառվում է ծեծը. Արթուր Սաքունցը՝ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մասին
06:15, October 18, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | ՈստիկանությունՕրեր առաջ Վլադիմիր Գասպարյանը խոսելով ոստիկանությունում առկա խնդիրների մասին, անդրադարձել էր ոստիկանների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկվածների նկատմամբ երբեմն կիրառվող ծեծի մասին, ընդ որում՝ հայտարարությունը հատկանշական է նրանով, որ ոստիկանապետը, երկար տարիներ լինելով ոստիկանության համակարգի, այսպես ասած, ստաժավոր, կարծես թե նոր է բացահայտում համակարգում առկա խնդիրը, ավելին՝ «Ծեծող ոստիկանը զոռբա ա, քյոխվա ա, մսագործ ա» արտահայտությամբ անուղղակիորեն ակնարկում է իրեն նախորդած ոստիկանապետերի բացթողումները խնդիրը անուշադրության մատնելու առումով:
Բացի այդ՝ հարց է առաջանում՝ հիմա հավատա՞լ, որ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային պրակտիկայի ընթացքում երբևէ չի կիրառել այդ մեթոդը: Պատասխանը միայն գիտի ոստիկանապետը, մեկ էլ Աստված, ում այդքան հավատում է նա:
Իսկ միգուցե ներկայիս ոստիկանապետը հայտարարություն անելուց բացի հետևողական կլինի, թե սա էլ նախընտրական շեմին արված հայտարարություն է:
Իրավագետ Պուշկին Սերոբյանը mardik.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունում 100%-ով հնարավոր չէ բացառել ծեծը, բայց նվազագույնի հասցնելը հնարավոր է ամրագրված իրավական մեխանիզմներով, որոնցից մեկն այն է, որ մեկուսարանները գտնվում են Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո: Սակայն իրավական մեխանիզմներից բացի՝ կարևոր է նաև հասարակության ակտիվությունը, և հարցը ուշադրության կենտրոնում պահելը:
Արդյոք ոստիկանություն բերման ենթարկվածներին ծեծելու երևույթը լայն տարածվածություն ունի: Պուշկին Սերոբյանը չհամաձայնեց՝ վկայակոչելով Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե նկատվում են ընդամենը որոշ դեպքեր:
Մեր դիտարկմանը, եթե նման ոստիկանների նկատմամբ քրգործ հարուցվեր և կալանավորվեր ոստիկանը, միգուցե ոստիկանապետը ստիպված չլիներ բարձրաձայնել խնդիրը, իրավագետն ասաց. «Համաձայն եմ, բայց կադրային փոփոխությունների մեծ մասը լինում է հենց այդ պատճառով»:
Ինչ վերաբերում է հայտարարության քաղաքական լինելուն, պրն Սերոբյանը դա չբացառեց, բայց նշեց, որ հանրային վերահսկողության դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքի:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այլ կարծիքի է: Mardik.am-ի հետ զրույցում նշեց, որ դրական պետք է համարել խնդրի բարձրաձայնելը ոստիկանապետի կողմից, սակայն բավական չէ ասելը, անհրաժեշտ են նաև գործնական քայլեր, ավելի կոնկրետ՝ բռնության փաստով քրեական գործեր հարուցելը, ոչ թե «ծածկադմփոց անելը»:
Իրավապաշտպանը հիշեցրեց ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան փաստի մասին, որից հետո Չարենցավանի փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Սամվել Տոնոյանը Վովա Գասպարյանի հրամանով նշանակվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում այսօր 10-ից 5-ի դեպքում կիրառվում է ծեծի մեթոդը՝ ուղեկցված հոգեբանական ճնշումներով: «Ես, անկեղծ ասած, չեմ հիշում, որ ոստիկանին մեղադրանք առաջադրվի քաղաքացուն ծեծելու համար: Եթե առաջին անգամ է ոստիկանը նման մեթոդ կիրառել, ապա ստացել է նկատողություն, իսկ օրենքով նախատեսվում է կալանավորում»,- մանրամասնեց զրուցակիցս:
Ինչ վերաբերում է քաղաքացիների ակտիվությանը խնդրի լուծման առումով, բանախոսը նշեց, որ նրանք լավ տեղեկացված են իրենց իրավունքներից, պարզապես ոստիկանությունը կամք չի դրսևորում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:
Որպես զրույցի ամփոփում՝ պրն Սաքունցը չբացառեց ՀՀ ոստիկանապետի հայտարարության քաղաքական լինելը: