Հայկական երևույթ կրոնական դաշտում
00:00, June 2, 2006 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՀիսուս Քիստոսի պատվիրանները տարածելու համար 16 տարի առաջ Հայաստանում ստեղծվեց «Կյանքի խոսք» եկեղեցին:
Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Տոնոյանի, այն Հայաստանի կրոնական կազմակերպությունների դաշտում հայկական երևույթ է և գոյություն ունի միայն Հայաստանում: Եկեղեցին հասարակության շրջանում հայտնի է խարիզմատներ անվամբ: Եկեղեցու հովիվի ուսումնական գծով օգնական Արթուր Տոնոյանն ասում է, որ իրենք իրենց ամենևին էլ խարիզմատներ չեն համարում: «Խարիզմատիկ» նշանակում է Սուրբ հոգու պարգևներ և ժամանակին համարվել է կրոնական շարժումներից մեկը: Ներկայումս այս եկեղեցին գրանցված կրոնական կազմակերպություն է, որը ինչպես մկրտական ու հոգեգալստական, այնպես էլ խարիզմատիկ շարժման տարրեր է պարունակում: 10.000 հավատակից ունեցող այս եկեղեցու առաքելությունը Ավետարանի տարածումն է:
Սակայն դա չի նշանակում, որ փողոցում անծանոթներին կարելի է կանգնեցնել ու խոսել Աստվածաշնչից: «Փողոցում քարոզելը էֆեկտ չունի: Ինձ կդնեն ցանցառի տեղ, ու ես կգցեմ իմ եկեղեցու անունը»,-մեկնաբանում է Արթուր Տոնոյանը ու հավատացնում, որ իրենք որևէ հալածանքից չեն վախենում, միևնույն ժամանակ հալածանք չեն էլ փնտրում: Զբաղվում են աստվածաշնչյան պատվիրանների տարածմամբ, որի շրջանակներում տնային այցելություններ անում, եկեղեցուն համանուն թերթ տպագրում, ուսուցման դասընթացներ կազմակերպում 18 տարեկանը լրացած 200 անձանց հետ: «Առանց ապաշխարելու ուսուցում չկա»,-«Կյանքի խոսք» եկեղեցու սկզբունքներն է նկարագրում Արթուր Տոնոյանը:
Եթե քաղաքացին մտադրություն ունի ընդգրկվել եկեղեցու շարքերը, ապա առաջին հերթին պետք է ապաշխարի: Դա իր հերթին ենթադրում է Աստվածաշնչի ուսումնասիրում: Իսկ եթե ուսումնասիրում ես, ապա արդեն ապաշխարում ես ու կարող ես համարվել եկեղեցու անդամ: «Կյանքի խոսք» եկեղեցու անդամներն իրենց համարում են և° երկնային, և° երկրային քաղաքացի: Նրանց երեխաները սովորաբար ապաշխարում են այն տարիքում, երբ գիտակցում են Աստծո խոսքի մասին՝ անկախ չափահաս լինելու հանգամանքից: Եկեղեցու անդամները տարբեր կրթության ու մասնագիտության մարդիկ են ու խնդիրը ոչ թե աշխատանքի ոլորտի, այլ աստվածաշնչյան պատվիրաններին համապատասխան վարք ցուցաբերելու մեջ է: Բայց եթե աշխատանքի վայրում հանդիպում են անօրինականությունների ու աստվածաշնչյան պատվիրանները հակասող դեպքերի, բացատրում են, թե ինչ կարգի մեղք է այն իրենից ներկայացնում, իսկ արարքի կատարման ընտրությունը թողնում դիմացինին: Կարող են մասնակցել ընտրություններին, դատի տալ իշխանություններին, պաշտպանել իրենց իրավունքները ցանկացած ատյանում: Միևնույն ժամանակ պարտավոր են օրհնել կառավարությանը, որովհետև այդպես Հիսուսն է պատվիրել: Ամենևին դեմ չեն բանակում ծառայելուն ու զենք վերցնելուն: Հակառակը դավանողներին էլ չեն քննադատում:
Այլ կրոնական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ ունեն, այդ թվում նաև՝ Հայ առաքելական եկեղեցու հետ: Դեմ չեն «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան հայկական դպրոցներում դասավանդելուց: Անհրաժեշտության դեպքում պատրաստ են բոլոր կրոնական կազմակերպությունների հետ հանդիպել, եթե միայն նրանք ցանկություն դրսևորեն: Այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին համարում են իրենց քույրներն ու եղբայրները: Կարևորը Հիսուսի պատվիրանները տարածելն է:
Նաիրա Բուլղադարյան