Հայտարարություն
00:00, April 13, 2009 | ՀայտարարություններԱրդեն 5 ամիս է անցել, ինչ մեր կազմակերպությունը պաշտոնական 3 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրված «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն անջակցելու հարցով:
Սակայն մինչ օրս կազմակերպությունը ՀՀ կառավարությունից ոչ մի արձագանք չի ստացել:
2006թ. Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում հիմնադրվել է «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն, որը Թումանյանի շրջանում զբաղվել է ոսկու արդյունաբերությամբ և 2007թ. մարտի 1-ից աշխատանքի է ընդունել Ալավերդի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների: Աշխատանքի ընդունելուց հետո ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձեր չի վճարել, այնուհետև մոտ 6 ամիս անց հավաքել է վերջիններիս հետ կնքած աշխատանքային պայմանագրերը և այլևս չի վերադարձրել:
Աշխատակիցների խոսքերով` «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն նշված ամիսների ընթացքում որևէ գործունեություն չի ծավալել:
«Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն աջակցելու խնդրանքով կազմակերպությունը նախ դիմել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը: Աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացրել էր, որ իրականացվում է վարույթ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի կազմակերպությանը, թեև մինչ օրս իրականացվող վարույթի արդյունքների մասին որևէ տեեկություն չի ներկայացվել:
Այնուհետև կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետին, սակայն որևէ պատասխան չի ստացվել: Նույն խնդրանքով երկրորդ անգամ ներկայացված գրության կապակցությամբ կազմակերպությունը բանավոր տեղեկացվել է, որ խնդրի կարգավորմամբ հանձնարարվել է զբաղվել Լոռու մարզպետարանին, այն դեպքում, երբ խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի իրավասությունների շրջանակից դուրս է: 2009թ. փետրվարի 16-ին կազմակերությունը բաց նամակով է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս անգամ ևս որևէ արձագանք չի ստացվել:
Հաշվի առնելով «ՋԻ Էմ Մաղարո» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ առկա փաստերը, և այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում նման խախտումները վերացնելու կապակցությամբ` եզրակացնում ենք`
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործում դրսևորած անհետևողականությունը պայմանավորված է Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վերջինիս մոտ առկա վախի հանգամանքով:
Սույն հայտարարությամբ միաժամանակ որպես հաղորդում դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը`
1. ՀՀ ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրված և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման նպատակ հետապնդող գործունեության կապակցությամբ քրեական գործ հարուցելու
2. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից անգործություն դրսևորելու փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու հարցերով:
13.04.2009թ.