ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
00:00, March 20, 2008 | Ընտրական իրավունքՄենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրելով, որ.
2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացվող խաղաղ ցույցերը և երթերը հանդիսացել են կեղծիքներով և բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտում, որոնք նաև բողոք էին ընդդեմ ազատ խոսքի սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման և հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտի,
ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը և ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ և հանցագործ քայլ էր, որն էլ հենց հանդիսացավ մարտի 1-ի և 2-ի գիշերվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը,
խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջափակելը, մարտական գնդակների կիրառելը ևս հանդիսացել են ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք և սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն,
ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական բլոկադայով ճնշելը, գրաքննությունը, անձանց և կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ և քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության ևս մեկ բացահայտում է,
ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունն իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում,
ետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունումն` ի խախտումն ՀՀ Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների, հերթական անգամ հավաստում է երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների կցորդ լինելը,
դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում իրականացված համատարած եւ համակարգային կեղծիքներն ու խախտումները, ետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները և քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքները ու օրինական շահերը պաշտպանելու» պատրվակով:
Պահանջում ենք իշխանություններից`
անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի և ոստիկանության համատարած հետապնդումները և ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ,
վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող և միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, որն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական և տոտալ վերահսկողության:
Դիմում ենք միջազգային հանրությանը`
անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին,
միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները և նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ինստիտուտների կայացմանը:
Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը վճռական է պայքարելու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման համար եւ չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների և բռնաճնշումների հանդեպ:
20.03.2008թ., ք. Երևան