Հայտարարություն
00:00, March 7, 2008 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԱրտակարգ դրությունը ամբողջ հանրապետությունում է
Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները:
1. Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը:
2. Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը:
Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում:
Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար: