ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
00:00, February 16, 2008 | Հայտարարություններ | Ընտրական իրավունք2008թ-ի Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում մեր դիտարկումները ցույց տվեցին.
• տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական ռեսուրսների ներգրավմամբ կազմակերպված և համատարած կիրառվում է տարածքային և ինքնակառավարման մարմինների ղեկավարների և աշխատակիցների կողմից նախընտրական քարոզչություն ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին: Սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին դպրոցների ուսուցիչների, ինստիտուտների ուսանողների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, առանձին պետական հաստատությունների աշխատակիցների պարտադրված մասնակցությամբ: Տարածքային և ինքնակառավարման մարմինների աշխատակիցները աշխատանքային ժամերին զբաղվում են նախընտրական քարոզչությամբ, ինքնակառավարման մարմինները՝ հատկապես գյուղական համայնքների ղեկավարները, աշխատանքային ժամերին հրավիրվում են խորհրդակցությունների՝ նախընտրական քարոզչության իրականացման նպատակով,
• վարչական մեթոդների կիրառմամբ /Ղափան, Վանաձոր, Մարտունի, Գորիս/ ՀՀ վարչապետի նախընտրական հանդիպումներին պարտադրաբար մասնակցում են նաև մասնավոր բիզնեսի աշխատակիցները: Նրա նախընտրական հանդիպումներին բիզնես կառույցներն աշխատանքային ժամերին դադարեցրել են իրենց աշխատանքները, և նրանց աշխատակիցները գտնվել են հանրահավաքում,
• զանգվածային և կազմակերպված բնույթ է կրում ընտրողների տվյալների /անուն, ազգանուն, հասցե, անձնագրային տվյալներ, ստորագրություն/ հավաքագրումը, որը հանդիսանում է ուղղակի ճնշում ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Ավելին, ցուցակներում ընդգրկված քաղաքացիների դիրքորոշումները ճշգրտելու նպատակով անանուն հեռախոսային հարցումներ են կատարվում: Եթե պարզվում է, որ իրենց թեկնածուի օգտին ուղղակի դիքորոշում չկա, ապա բացատրություն են պահանջում քաղաքացիներից,
• ինչպես խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, այնպես էլ այս նախագահական ընտրությունների նախապատրաստման և քարոզչության ընթացքում իրականացվեց բյուջետային հիմնարկների /դպրոցներ, պետական ԲՈՒՀ-եր, առողջապահական հաստատություններ/ աշխատակիցների, ուսանողների կազմակերպված և պարտադրված անդամագրումը ՀՀԿ շարքերում,
• նախընտրական շտաբների նկատմամբ կիրառված ահաբեկչական գործողությունների /ապակիների կոտրում, հրդեհման փորձեր, կրակոցներ, աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ և այլն/ կատարողների չբացահայտումը, իսկ որոշ դեպքերում՝ դրանց կատարողների ընտրողաբար բացահայտումը իրավապահ մարմինների կողմից ընտրողների մոտ ձևավորում է անպաշտպանվածության և վախի զգացում: «Գալա» հեռուստաընկերության, «Սիլ Գրուպ»-ի, այնուհետև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և այլ գործարարների նկատմամբ քրեական հետապնդումների, հարկային ստուգումների կիրառման և իրականացման համընկնումը նրանց քաղաքական դիրքորոշումների փոփոխության հետ ակնհայտորեն վկայում է իշխանության կողմից վարչական, իրավական լծակների կիրառմամբ ընտրողների կամքի, կարծիքների ճնշման մասին:
Վերը նշված երևույթները և նախընտրական քարոզչության ընթացքում ձևավորված իրավիճակը արմատական հակասության մեջ են գտնվում իշխանության հրապարակային բոլոր այն հավաստիացումների հետ, թե իբր նպատակ ունեն և ցանկանում են Հայաստանում ապահովել ազատ և արդար ընտրություններ:
2008թ. Նախագահական ընտրություններին նախորդող վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների՝ խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքի, միավորումների ազատության, ընտրական իրավունքի պարբերաբար և համակարգային խախտման պրակտիկան իրենց ողջ ծավալով դրսևորվեցին թե¯ ընտրությունների նախապատրաստման, և թե¯ նախընտրական քարոզչության ընթացքում:
Այսպիսով, 2008թ. Նախագահական ընտրությունների նախապատրաստման և նախընտրական քարոզչության ընթացքում ևս չապահովվեց բարենպաստ ընտրական մթնոլորտ ընտրողների կամքի, կարծիքի, դիրքորոշումների ազատ դրսևորման համար: Միևնույն ժամանակ առկա է ընտրողների բարձր ակտիվությունը և հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ, որը քաղաքացիական կամքի դրսևորման հուսադրող օրինակ է:
Իշխանությունների կողմից վարչական ամբողջ ռեսուրսի կիրառումը ընտրողների և թեկնածուների իրավունքների սահմանափակման և նրանց կառավարելի դարձնելու նպատակով, մյուս կողմից քաղաքացիների և որոշ ընդդիմադիր թեկնածուների քաղաքական բարձր ակտիվությունը ստեղծում են մի վիճակ, երբ ընտրական լարված մթնոլորտը կարող է լիցքաթափվել անկանխատեսելի ձևով:
Կոչ ենք անում Նախագահի թեկնածուներին և նրանց նախընտրական շտաբներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են քվեարկության օրը հանգեցնել բախումների, ընտրական իրավունքի խախտումների:
Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին և իրավապահ մարմիններին կոչով՝ ապահովել և նպաստել քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում Ընտրական օրենսգրքի անվերապահ իրականացմանը՝ որպես միակ երաշխիք՝ բացառելու ընտրողների, թեկնածուների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ հնարավոր ոտնձգություններն ու ճնշումները, որոնք տեղի են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ:
16 փետրվարի, 2008թ.
ք.Վանաձոր