ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
00:00, October 19, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՄենք, հասարակական կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին շաբաթվա ընթացքում խոսքի ազատության ոլորտում նկատվող բացասական եւ անընդունելի երեւույթների վերաբերյալ:
Տպագիր լրատվամիջոցները գրել են, որ տարբեր մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին արդեն մի քանի օր է չեն ներկայանում հեռարձակվող ԶԼՄ-ների թղթակիցները: Ենթադրություն է արվել, թե նման վերաբերմունքը հրահանգավորված է իշխանության տարբեր օղակների կողմից: Մենք հասկանում ենք, որ լրատվամիջոցները պարտավոր չեն լուսաբանել բոլոր ասուլիսները, սակայն հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների նկատմամբ միաժամանակյա եւ միահամուռ անտարբերությունը միայն հաստատում է «անետեսանելի ձեռքի» միջամտության մասին վարկածը:
Մեզ են հասնում մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթում մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարները հրավիրվում են զանազան գերատեսչական մարմիններ, որտեղ նրանց «հորդորում են» անտեսել ընդդիմության որոշ ներկայացուցիչների հանրային միջոցառումները, հրապարակային ելույթները, չհյուրընկալել նրանց, հարցազրույցներ չունենալ եւ չհեռարձակել: Մասնավորապես` հեռուստաընկերութուններին «խորհուրդ է տրված» չլուսաբանել (ոչ դրական, ոչ բացասական համատեքստով) մի քանի քաղաքական ուժերի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը:
Մենք հիշեցնում ենք, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Ավելին` ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն արարքը կատարելուն:
Չունենալով ընդհանուր քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, մենք բոլորս հրատապ անհրաժեշտություն ենք համարում կարծիքների եւ տեղեկությունների ազատ տարածումը, հատկապես նախագահական ընտրությունների նախօրյակին եւ կոչ ենք անում իշխանություններին` ձեռնպահ մնալ լրատվամիջոցների, առաջին հերթին` հեռարձակվող ԶԼՄ-ների խմբագրական անկախությանը միջամտելուց, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում խոսքի ազատությանն ու բազմակարծությանը` ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ԳՅՈՒՄՐԻԻ ԼՐԱՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ, ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19.10.2007