Հայտարարություն
00:00, January 21, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԹուրքահայ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նոր՝ 2007 տարում առաջին աննախադեպ գործողությունն էր աշխարհում՝ ուղղված ընդդեմ խոսքի ազատությանը և լրագրողների իրավունքներին:
Նման սառնասիրտ սպանությունն ուղղակի մարտահրավեր էր ցանկացած հասարակության համար, որտեղ կարևորվում են մարդկային արժանապատվությունը և բազմակարծությունը, առավել ևս օրը ցերեկով կատարված նմանատիպ արարքը կարելի է միայն մեկ բառով բնութագրել՝ ցնցում: Իհարկե, յուրաքանչյուր երկրում միշտ էլ դժվար է եղել ունենալ մեծամասնությունից տարբերվող կարծիք: Ավելին, դրա բարձրաձայնումը միշտ էլ հեղինակի համար ստեղծել է բազմաթիվ պրոբլեմներ: Բայց երբ նման արարքը կատարվում է մի երկրում, որը հավակնում է դառնալ Եվրոպական Միության անդամ, կարելի է բնութագրել որպես այդ ձգտման դեմ քայլ: Գիտեմ, որ մեր գործընկերների և բարեկամների շրջանում ՀՔԱ Թուրքիայի կոմիտեն մեծ հարգանք և ակնածանք ունի Հ. Դինքի նկատմամբ և ցավում եմ, որ այս դեպքով ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարվածը ստիպված են դիմագրավելու նաև մեր բարեկամները: Բայց այն սկզբունքները, որոնք դավանում ենք մենք, հնարավորություն կտան մեզ համատեղ հաղթահարելու այս փորձությունը և թույլ չտալ, որ նորից ազգայնական և ծայրահեղական ուժերը օգտագործեն Հ. Դինքի սպանությունն իրենց հակամարդկային և հակաժողովրդավարական նպատակների համար: Կոչ ենք անում նաև թուրքական իշխանություններին ոչ միայն բացահայտելու սպանությունն իրականացնողներին, այլև սկզբունքային դիրքորոշում դրսևորել և չեզոքացնել ծայրահեղական նկրտումները թուրքական պետությունում:
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Հ. Դինքի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Մենք միասին ենք և սպանությամբ չեն կարող մեզ հեռացնել միմյանցից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ