Հայտարարություն
00:00, June 28, 2006 | Հայտարարություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք«Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ գլխավոր դատախազություն անօրինական բերման ենթարկելը և այնուհետև նրա նկատմամբ իբր փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հայտարարելը ցույց է տալիս, որ Հայաստանի ռեժիմը անցել է բոլոր չափավոր սահմանները, որոնք ոչ միայն չեն տեղավորվում տարրական օրինականության և բարոյականության սահմաններում, այլև՝ մարդկային տրամաբանության մեջ:
Թե ինչու 4 տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերի մեջ ըստ իրենց գտել են կեղծիքներ, երբ քթների առջև ամեն օր բազմաթիվ փաստաթղթային կեղծումներ են կատարվում կոռուպցիայի մեջ թաղված բոլոր օղակներում, ունի մեկ բացատրություն՝ տրված է քաղաքական պատվեր «սարքելու» Արման Բաբաջանյանի անձնական «դոսյեն»՝ լռեցնելու համար ընդդիմադիր ևս մի թերթի խոսքը: Տիպիկ ԿԳԲ-ական մտածելակերպը 37-թ-ի մտածողության և հոգեբանության վերարտադրումն է արդեն 21-րդ դարում գտնվող Հայաստանում, և ուղղակի մնում է ասել. «Ձեր հնոտիները և մաշված ուղեղներն ու կմախքները փոշինալու են փոքր-ինչ քամուց»: Եվ զարմանալի է, թե ինչպես են փաստաթղթերի կեղծիքով մեղադրում մարդուն, որը պաշտոնատար անձ չի եղել, և. բնականաբար, այդ կեղծիքը պետք է կատարած լիներ իրապես պաշտոնատար անձ և փոխանակ ձերբակալելու, փոխանակ գործողություններ իրականացնելու փաստաթուղթը կեղծած /եթե, իհարկե, դա ճիշտ է/ պաշտոնատար անձի նկատմամբ, ազատազրկում են քաղաքացու, որը իր անձին վերաբերող որևէ փաստաթղւթ կեղծելու կամ տրամադրելու լիազորութուն չունի:
Ահա սրանով է ռեժիմի մտածողության սնանկացումը: Նման քայլեր մտածողը, պատվեր տվողը և իրականացնողը, հիրավի, պետք է լինի ամենաչնչին հոգու մտածողության տեր մարդ՝ լցված վրեժխնդրությամբ: Արման Բաբաջանյանի նկատմամբ ցանկացած գործողության պատասխանատվությունը կրելու է անձամբ Ռոբերտ Քոչարյանը և ուրիշ ելք, քան ազատել Արման Բաբաջանյանին, չի կարող լինել: Ես նույնպես չեմ ընդունում ռեժիմը, որն ունի ոչ թե քաղաքական, այլ մարդկանց վախեցնելու, նվաստացնելու և լռեցնելու միջոցով սեփական իշխանությունը պահելու և ինքնակայացվելու կուրս:
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար