Հայտարարություն
00:00, December 4, 2010 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներՄենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները: 35-ամյա Ն.Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստ, ով 2008թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար:
Փաշինյանը բանտարկվել է 2009թ. հուլիսին` 2008թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով: Չնայած ԵԽ ԽՎ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ կառավարության, բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան կառավարությունների կողմից լուրջ քննադատություններին` հարցը մնում է չլուծված, եւ Ն. Փաշինյանը ներկայումս 3 տարի 11 ամիս սահմանված ժամկետով պատիժն է կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Վերջերս` «Կոշ» քկհ-ում գտնվելու ժամանակ, նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ոտնձգություններ են իրականացվել, քանի որ նա հրաժարվել է դադարեցնել իր թերթում հոդվածներ գրելն ու իշխանություններին անընդհատ քննադատելը:
Նախորդ 2 ամսվա ընթացքում Փաշինյանը 4 անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին` Փաշինյանի քնած ժամանակ` 2 դիմակավոր անձանց կողմից: Նախքան դեպքի հետաքննությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` հռչակելով, թե ոչինչ տեղի չի ունեցել, եւ Նիկոլը դիմակավորներին տեսել է երազում: Հետաքննությունը փաստացի սկսվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացրել է կատարվածը` տրամադրելով ապացույցներ` իր անկողնու սավանը` զինվորական «սապոգի» եւ արյան հետքերով: Փաշինյանի առողջությանը եւ կյանքին շարունակում են սպառնալ լուրջ վտանգներ: Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն ապահովեն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ: Մենք նաեւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի: Սույն պահանջագիրը բաց է ստորագրության համար:
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Քաղբանտարկյալների կանանց «Շահխաթուն» միություն, Հելսինկյան հայկական ասոցիացիա, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրավունքի եւ ազատության կենտրոն, «Մենք-Պլյուս» հ/կ, «Միջնաբերդ» մշակութային-լուսավորչական հ/կ, «Հույս» հ/կ, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» հ/կ, «168 Ժամ», «Առավոտ»