ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՇԱՐՔ
00:00, October 15, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՀայաստանի մի քանի հասարակական կազմակերպություն, որ զբաղվում են մարդու իրավունքի խնդրով, հոկտեմբերի 10-ից սկսկել են մամուլի ասուլիսների շարք, որ իրականացնելու են երկու շաբաթը մեկ պարբերականությամբ:
Առաջին ասուլիսը տվել են Տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ասուլիսների շարքի նպատակը երկրում տիրող առկա վիճակի մասին եւս մեկ անգամ, պարբերաբար բարձրաձայնելն է, որպեսզի հանրությունը տեղեկանա իր իրավունքի մասին, եւ հրապարակվեն այն դեպքերը, որ արձանագրվում են գրեթե բոլոր ոլորտներում, բանակից մինչեւ կրթական համակարգ: Առաջին ասուլիսի բանախոսները հիշատակել են հենց այդ ոլորտներում տիրող իրավիճակի, մարդու իրավունքի ոտնահարման բազմաթիվ դեպքերի մասին, որոնք հայտնի են դառնում հանրությանը, գրվում են մամուլում, սակայն պաշտոնյաները դրանից չեն ազդվում:
Ավետիք Իշխանյանը եւ Արթուր Սաքունցը խոսել են քրեակատարողական հիմնարկներում կալանավորների իրավունքի ոտնահարման մասին: Ավետիք Իշխանյանի խոսքով, պետք է լուծարել այն հանձնաժողովները, որ գործում են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ դրանք բացարձակապես անարդյունավետ են եւ չեն նպաստում կալանավորի իրավունքի պաշտպանությանը:
Արթուր Սաքունցը ներկայացրել է, թե ինչպես են իրավապահները Վանաձորի մի քանի տասնյակ քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառել, նրանցից Լոռու մարզի դատախազի սպանության կապակցությամբ ցանկալի ցուցմունք կորզելու համար:
http://www.lragir.am/src/printshow.php?id=43145