Հարավային Կովկասի իրավապաշտպանները նախաձեռնում են երիտասարդների մուտքը դեպի խաղաղասիրություն
00:00, October 4, 2008 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱդրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից 28 երիտասարդ հոկտեմբերի առաջին չորս օրերն անցկացրեցին միասին` քննարկման սեղանի շուրջ խոսելով իրենց երկրներում խաղաղության անհրաժեշտության մասին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/, որի գործունեության ուղղություններից մեկն է հանդիսանում խաղաղասիրությունը, հարեւան երկրների գործընկերների հետ նախաձեռնել է ձևավորել «Երիտասարդ խաղաղասերների բրիգադ»:
2008թ. հոկտեմբերի 1-4-ը ապագա խաղաղասերները հանդիպեցին երրորդ` չեզոք երկրի մայրաքաղաքում` Թբիլիսիում, առայժմ անհնար համարելով խաղաղության մասին խոսել, բանակցել սեփական երկրում:
«Խաղաղությանն ուղղված տարիներ շարունակ ձգվող բանակցային գործընթացն անցած տարիներին հայ եւ ադրբեջանական հասարակություններում դեռեւս չի կարողացել փոխակերպել թշնամու կերպարը հակամարտող կողմի»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ուստի երիտասարդներին ներգրավելով խաղաղասիրական գործընթացի մեջ` աստիճանաբար երկու կողմերի հասարակությունում հնարավոր կլինի արմատավորել փոխվստահություն եւ հանդուրժողություն:
Եռօրյա քննարկումների ընթացքում երիտասարդները ծանոթացան ղարաբաղյան հակամարտության հետեւանքներին, կոնֆլիկտի չլուծվածության ազդեցությանը սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ առհասարակ տարբեր ոլորտների վրա: Քաղաքագետը գնահատեց տնտեսական իրավիճակը երեք երկրներում` դրա զարգացման համար հրատապ համարելով լուծել հակամարտությունը ու զարգացնել փոխհարաբերությունները:
Գլոբալիզացիայի և տեղական համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության ուղղակի եւ անուղղակի հետեւանքները` մատնանշելով դրա համակողմանի ազդեցությունը բոլոր կողմերի վրա` զոհվածներ, գերիներ, անհայտ կորածներ, փախստականներ:
Հայ-ադրբեջանական պատերազմը հավասարապես վնասեց երկու կողմերին էլ` խաթարելով այս երկրների բնականոն զարգացումը:
Մինչ քաղաքական գործիչները կորոշեն, թե ինչպես լուծեն այս հակամարտությունը, երիտասարդ խաղաղասերները որոշեցին իրենց իսկ երկրներում սկսել ուսումնասիրել կոնֆլիկտից տուժածներին, վեր հանել նրանց խնդիրներն ու կառավարություններին ու միջազգային կառույցներին մեկ անգամ եւս ահազանգել հայ-ղարաբաղյան հակամարտության չլուծվածության եւ երկու կովկասյան ժողովուրդների վրա դրա դրսեւորումների վերաբերյալ:
Երիտասարդ խաղաղասերները կոնֆլիկտից տուժածների խնդիրներին ծանոթացան նաեւ ֆիլմերի միջոցով, որը ներկայացրեց www.echannel.am էլեկտրոնային էջի պռոդյուսեր Գեղամ Վարդանյանը: Ֆիլմերը նկարահանվել էին 2005-2006թթ. Ադրբեջանում և Հայաստանում:
Կոնֆլիկտի «կենդանի զոհերի»` փախստականների, անհայտ կորածների հարազատների, նախկին ռազմագերիների խնդիրների վերհանման, դրանց պաշտպանության մեխանիզմներին ապագա խաղաղասերներին ծանոթացրեց Մարդասիրական հետազոտությունների ասոցացիայի նախագահ Ավաս Հասանովը:
Ապագա խաղաղասերները կհանդիպեն մեկ անգամ եւս` ուրվագծելու իրենց հետագա գործողությունները:
«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձեւավորում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դրամաշնորհի միջոցներով: