Հացադուլը չի մնա առանց քաղաքական հետևանքի
06:43, March 11, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք«Սա, իհարկե, ամենածայրահեղ միջոցն է, որին ստիպված է դիմել ՀՀ նախագահի թեկնածուն՝ ընդդեմ այն կեղծիքների, որոնք կատարվեցին ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում, և դա իհարկե լուրջ մարտահրավեր է թե՛ Սահմանադրական դատարանին և թե՛ ընտրական կեղծիքներ կատարածներին և կոծկած անձանց: Քանի որ, ցավոք սրտի, գործ ենք ունենում այն իրավիճակի հետ, երբ իրավական մեխանիզմները, հարցերի լուծման իրավական ճանապարհը ակնհայտ կամայականության հետևանքով մնում են փակ և ոչ արդյունավետ, և մնում է ծայրահեղ միջոցներին դիմելը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելու որոշման մասին: Ա. Սաքունցն ասաց նաև, թե հացադուլն ինչ ազդեցություն կունենա՝ դժվար է ենթադրություններ անել. «Հանրային մեծ դժգոհություն կա ընտրությունների արդյունքների կեղծման փաստի նկատմամբ, և հանրությունը, ըստ էության, չի վստահում ընտրության ինստիտուտին և իրավական ընթացակարգերին: Րաֆֆի Հովհաննիսյանն այլ տարբերակ չունի, դատական – իրավական մարմինները չեն արձագանքում, և լռության ենք մատնված, որևէ քոմենտ չկա: Իրենց անգործությունը ծածկադմբոց անելու միտումը վերստին կարևոր պատճառներից մեկն է հանդիսանում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեր նման քայլի:
Հիմա հարցը վերաբերում է քվեարկության արդյունքների ակնհայտ և ցինիկ կեղծման մասին: Այսինքն՝ ընտրական ինստիտուտը այս ընթացքում բարոյազրկեցին: Եթե նախկինում գնում էին միայն քվեարկության արդյունքների կեղծում, ապա ինքը հիմա կեղծեց ընտրական ամբողջ ինստիտուտը:
Եվ կարծում եմ, որ հացադուլը չի կարող անհետևանք մնալ: Սահմանադրական դատարանը պետք է օբյեկտիվորեն ընդունի, որ պետք է տեղի ունենա ընտրությունների քվեարկությունների երկրորդ փուլ»:
Ա. Սաքունցը խիստ կարևորեց նաև ընտրական գրանցամատյանների բացումը, որոնք հնարավորություն են տալու ստուգելու՝ ինչ ընտրություններ են կատարվել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև այս պահանջը պետք է ներկայացնի:
«ՀԿ-ները մի պահանջ ներկայացրին, որ ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման միակ հնարավորությունն այն է, որ ընտրությանը մասնակցած գրանցամատյանները բացվեն և տան հանրության ստուգելու գործիք, որպեսզի փարատվեն կամ հաստատվեն մտայնություններն այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները: Իշխանությունն ու ԿԸՀ-ն չգնաց այդ քայլին և սա հիմնական խնդիրն է, որն ավելի խորացնում է մտայնությունները, որ ընտրությունները կեղծվել են»:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/raffi-45-54news.html