ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ
14:49, March 22, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք | Ոստիկանություն2013 թ. մարտի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտական դիտորդություն է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերի թվով 50 ընտրատեղամասերում և 16 շրջիկ դիտորդների միջոցով այցելություններ է կատարել մոտ 20 այլ ընտրատեղամասեր:
Դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված և քաղաքացիներից ահազանգերի միջոցով ստացված 61 խախտումների վերաբերյալ տեղեկությունները կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանություն՝ չորս ժամը մեկ պարբերականությամբ:
Հայցադիմումի մեջ նշվում է, որ 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներն ունեցել են մի շարք պարտականություններ, որոնք չեն կատարել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում կատարվել են մի շարք ընտրական խախտումներ, որոնք ՀՀ ոստիկանության աշխատակիցների անգործության հետևանքով չեն բացահայտվել:
Կից ներկայացվում է հայցադիմումը: