ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը
00:00, September 8, 2011 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. օգոստոսի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժելու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը չնայած այն հանգամանքին, որ մերժել է կազմակերպության հայցը և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 2011 թ. մայիսի 6-ի վճիռը, իր որոշման վերլուծություններում գտել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվության տնօրինողն է և մի կողմից նախագահին և մյուս կողմից աշխատակազմի ղեկավարին միմյանցից տարանջատումը և հակադրումը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը գաղտնի է և այդ հիմքով մերժել է կազմակերպության դիմումը: Սակայն իր վերլուծությունը և եզրահանգումները մասում նշում է, որ բերված վերլուծությունների արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանի վճռով վեճը լուծվել է ճիշտ` հայցը մերժվել է, սակայն դատարանի կողմից կայացված վճիռը սխալ է պատճառաբանված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11713 հոդվածի կարգով պատճառաբանել է անփոփոխ թողնված դատական ակտը:
Կազմակերպությունը գտնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումները և խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումները գաղտնիք չեն պարունակում, որի հիմքով պատրաստվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել էր տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մերժել էր կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը:
ՀՀ վարչական դատարանը ներկայացված բողոքը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը չի հանդիսանում տվյալ տեղեկատվության տնօրինողը:
Կից ներկայացվում է 2011 թ. օգոստոսի 30-ի որոշումը: