ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց իրավապաշտպանների բողոքը
00:00, May 30, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց իրավապաշտպան կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գտավ, որ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության հոդվածի խախտում՝ այն է, անձին առանց դատարանի որոշման անօրինական կալանքի տակ պահելը, և պետք է միջոցներ ձեռնարկվեն խախտված իրավունքները կանխարգելելու և վերականգնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
2011 թ. հունվարի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:
ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ՝ առ այն, որ 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ և այնուհետև նույն անձի հրամանով ազատ արձակվել: