ՀՔԱՎ-ն պահանջում է բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը
00:00, October 20, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա դատական նիստ: Ըստ հայցի` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՔԱՎ-ի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
2011 թ. փետրվարի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Երեւան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել, եւ մոտ 1 ժամ ամբողջ երթեւեկությունը դադարեցված է եղել:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի նախկին հրամանատար Մերուժան Կարապետյանը եւ ոստիկանության մի շարք աշխատակիցներ խոչընդոտել են վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք Վանաձորում՝ նրանց զրկելով ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից:
Նախաքննության մարմինը նյութերի նախապատրաստման փուլում օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
Քրեական գործ չհարուցելու որոշմամբ քննչական մարմինը պաշտպանության տակ է վերցրել խախտում կատարողներին՝ ողջ խնդիրը տեղափոխելով ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկի անսարքության վրա: Մինչդեռ ձայնագրություններ կան, որոնցում պարզ լսվում է շարժիչի աշխատանքի ձայնը:
Դատարանը ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ է որակել՝ նշելով, որ դրանք ուղղված են եղել քաղաքացիների անվտանգությունը եւ անխափան երթեւեկության ապահովմանը: