Ձերբակալվել են խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով
00:00, February 1, 2008 | Արդար դատաքննության իրավունքԹալինի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 27.01.08թ.՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նույն մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Ս.Կարապետյանը բարձրաձայն հայտնել է իր կարծիքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրեն խաբել են, Թալինի հասարակությունը եւ հայ ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի աջակցում:
Հանդիպման մասնակիցներից Արագածոտն մարզի «Երկրապահ կամավորական միության» նախագահ Մ.Սափեյանը, նույն միության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տ.Բաղդասարյանը, «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ժ.Սափեյանը, իջնելով հարթակից, 500-ից ավել քաղաքացիների ներկայությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Սարգիս Կարապետյանի հասցեին՝ բռունցքներով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Քիչ անց նրանց են միացել նաեւ Թալին քաղաքի բնակիչ Հայկ Գեւորգյանը, անչափահաս, 1991թ. ծնված Ա.Սափեյանը եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք: Նշված անձանց կողմից խուլիգանական գործողությունները տեւել են շուրջ 5 րոպե եւ կանխվել տեղի ունեցածից վրդովված քաղաքացիների միջամտության շնորհիվ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով, 29.01.08թ. Մ. եւ Ժ. Սափեյանները, Տ.Բաղդասարյանը եւ Հ.Գեւորգյանը ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.genproc.am/main/am/177/3021/