Մահից առաջ նամակ է գրել
00:00, November 3, 2010 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՎանաձորցի Սվետլանա Կազազյանի սպանության եւ Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանին ձերբակալել էին հոկտեմբերի 7-ին, իսկ հոկտեմբերի 10-ին տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Հոկտեմբերի 24-ին նա կասկածելի հանգամանքներում մահացել է կալանավայրում։ ՔԿ վարչությունից հաղորդեցին, որ նախկինում երեք անգամ դատված կալանավորն իրեն թուք է ներարկել եւ գանգրենայի հետեւանքով մահացել: Սակայն պարզվում է՝ Սլավիկ Ոսկանյանը մինչեւ մահանալը՝ հոկտեմբերի 1-ին հասցրել է նամակ ուղարկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որտեղ եւ պատմել է ոստիկանությունում իր նկատմամբ կիրառված հոգեբանական ճնշումների ու սպառնալիքների մասին։
Նամակում Ոսկանյանը գրել է, որ ինքը չի սպանել Սվետլանա Կազազյանին եւ միայն կատարել է ավազակային հարձակումը։ Նաեւ պատմել է, որ իրեն Վանաձորի ոստիկանության ձերբակալվածների համար նախատեսված վայրում ենթարկել են հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների: Գրել է, որ իր ու կնոջ տեսակցությունը տեղի է ունեցել ոստիկանապետի աշխատասենյակում, մի խումբ ոստիկանների ներկայությամբ, որից հետո, երբ կինը դուրս է եկել սենյակից, քննիչներն իրեն սպառնացել են, ասելով՝ տես, կինդ կարող ա էլ տուն չհասնի, մեքենան գա վրով անցնի։ Մենք Սլավիկի կնոջից՝ տիկին Շուշանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել ամուսինն իրեն ուղղված մեղադրանքների մասին, նա պատասխանեց. «Ինքը ինձ ուղիղ էլ ասեց, ասեց՝ ինձ վախացրել են, դրա համար էլ ես վերցրել եմ իմ վրա»:
Կնոջ խոսքով՝ հարցաքննությունների ժամանակ իրեն եւս սպառնացել են. «Քննիչները ինձ էին ճնշում, ասում էին, որ ծնողական իրավունքներից կզրկենք, մինչեւ գնաս տուն, կարող ա երեխեքդ էլ տանը չեղնեն, մանկատուն տարած լինեն, ու դրանք ասում էին Հովհաննիսյան Վահեն ու Մարտիրոսյան Վաղինակը։ Երեկոյան 7-ից մինչեւ գիշերվա 4-ը ես ոստիկանությունում էի»:
Դեպքի հետ կապված՝ մենք զրուցեցինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հետ: Նա պատմեց, որ նամակում Սլավիկ Ոսկանյանը հիմնականում նկարագրել է այն հոգեբանական ճնշումները, որոնց ենթարկվել է ոստիկանության բաժանմունքում։ Գրել է, թե՝ չեն թողել քնի, անընդհատ հարցաքննել են։ Արթուր Սաքունցը հարց է տալիս. ինչպե՞ս է լինում, որ մարդը առողջ մտնում է քրեակատարողական հիմնարկ եւ հետո մահանում։ Եթե նույնիսկ ինքնավնասման հետեւանքով է մահը վրա հասել, դա էլ պետք է պարզել:
Եթե ինքնավնասման հետեւանքով չէ, ապա ինչի՞ արդյունքում է նրա առողջական վիճակը կտրուկ վատացել։ Սաքունցը, որպես քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամ, իր հետ հանդիպել է հոկտեմբերի 15-ին՝ իմանալու համար նրա առողջական վիճակը։ Ֆիզիկական բռնության մասին մեղադրյալն այդ հանդիպման ժամանակ չի ասել, ավելի շատ հոգեբանական ճնշումների մասին է խոսել, իսկ նամակում արդեն խոսում է նաեւ ֆիզիկական ճնշման մասին։
«Քննության շահերից ելնելով՝ մենք հիմա ձեռնպահ կմնանք որեւէ մեկնաբանություններ կատարելուց, բայց այդ հարցերը մենք դնելու ենք օրակարգում, որովհետեւ անկախ նրանից՝ մարդու կողմից ինչ հանցանք է կատարվել, կամ ինչ հանցանքի մեջ է նա մեղադրվում, նա ունի կյանքի իրավունք։ Իհարկե, ինքն արդեն մահացել է, եւ ըստ էության նամակում նշվածը ստուգելու համար կան որոշակի դժվարություններ, բայց կան տարբեր վկաներ, որոնց ասածների հիման վրա նախաքննական մարմինը համակողմանի եւ օբյեկտիվ քննություն կկատարի։
Մենք այդ նամակի հիման վրա հաղորդում ենք պատրաստել՝ ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, եւ նամակի պատճենը տվել ենք գլխավոր դատախազությանը»,- ասաց պարոն Սաքունցը, ավելացնելով, որ նամակում Ոսկանյանը բացառել է իր մասնակցությունը սպանությանը: Տարօրինակ է նաեւ մահվան պատճառը, կարծում է Ա. Սաքունցը, «գանգրենայից միանգամից չեն մահանում, եթե գանգրենա էլ լիներ, դա պետք է վիրահատեին, բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է, թե արդյո՞ք համարժեք բժշկական միջամտություն արվել է»։
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2010/11/03/mahic-araj-namake-grel/