Մամլո հաղորդագրություն
00:00, November 1, 2007 | Մամլո հաղորդագրություններ | Թմրամիջոցներ գործածողներ2007թ-ի հոկտեմբերի 31-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի ներկայացումը, որին ներկա էին տեղական լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 1-ից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել Վանաձոր քաղաքի թմրանյութ օգտագործող քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը իրավապահ, առողջապահական եւ սոցապահովման մարմինների հետ հարաբերություններում: Ծրագիրն իրականացման աշխարհագրական տարածքը Վանաձոր քաղաքն է :
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետեւյալ գործողությունները՝
• թմրանյութ օգտագործողների նկատմամբ հասարակական կարծիքի ուսումնասիրություն
• իրավական աջակցության ցուցաբերում Վանաձոր քաղաքի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին, այդ թվում անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում , անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, դատարանում ներկայացուցչություն: Նախատեսվում է իրականացնել նաեւ դատական պրոցեսների մոնիթորինգ
• թմրանյութ օգտագործողների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուսումնասիրություն
• աշխատանքային հանդիպման կազմակերպում, որտեղ կներկայացվեն ծրագրի միջանկյալ արդյունքները եւ կորոշվեն իրավական աջակցության ցուցաբերման հետագա առավել արդյունավետ միջոցները
• պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման իրավունքից օգտվելու իրավիճակի ուսումնասիրություն
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է հասարակայնության հետ կապերի էլեմենտը: Ինչպես նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ տեղական լրատվական միջոցները եւ հասարակությունը պարբերաբար կիրազեկվի ծրագրի ընթացքի մասին : Յուրաքանչյուր ամիս կազմակերպության էլեկտրոնային էջում /www.hcav.am / կտեղադրվի տեղեկատվություն ծրագրային գործողությունների վերաբերյալ : Նախատեսվում է կազմակերպել նաեւ 5 հեռուստահաղորդում / նոյեմբեր- մարտ ամիսներ /, որոնց ժամանակ կքննարկվեն թմրանյութ օգտագործողների /եւ նրանց ընտանիքների/ խնդիրները:
Կիրականացվի նաեւ թմրանյութ օգտագործողների խնդիրների վերաբերյալ պաստառների տպագրում եւ տարածում:
Ծրագիրի տևողությունը 7 ամիս է:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանակությամբ:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Լիլիթ Զարգարյանին:
Հասցե՝ Տիգրան Մեծի 59, Հեռ. 4 22 68, Էլ. փոստ// hcav@hcav.am