Մեծ «բլեֆը» տապալման եզրին
00:00, March 25, 2010 | Մամլո հաղորդագրություններԱպրիլի 6-8-ը Երեւանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կազմակերպած «Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» թեմայով համաժողովի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են նոր ընթացք ստանալ:
Նախ` երեկ շարունակվեցին նոր զարգացումներ տեղի ունենալ համաժողովին ընդառաջ ՄԻՄՖ-ի հայաստանյան ներկայացուցչության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախօրեին տարածած հաղորդագրության շուրջ: ՔՀԻ-ի կողմից տարածված հաղորդագրությունում անդրադարձ է արված նաեւ 2008-ից Հայաստանում տեղի ունեցած քաղաքական դատավարություններին` դրանք ներկայացնելով, որպես ընդդիմության եւ իշխանությունների բախումների արդյունք: Արդյունքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ում հայտարարությունը եւս դրված էր այդ հաղորդագրության տակ նախօրեին հայտարարել էր իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, քանի որ նա մինչ փաստաթղթի հրապարակումը առաջարկել էր փոխել վերը բերված մոտեցումը: ՔՀԻ-ի նախագահ Արման Դանիելյանը երեկ փորձել է հայտարարությամբ հերքել Սաքունցի մեղադրանքը` ներկայացնելով, որ վերջինս չի պնդել իր առաջարկները եւ ասել է, որ անկախ նրանից դրանք կընդունվեն, թե` ոչ, ինքը փաստաթղթին միանում է: Սաքունցն այս հայտարարությունը երեկ անհեթեթություն է որակել` նկատելով, որ ինքը երբեք իր ստորագրությունը չի դնի մի փաստաթղթի տակ, որտեղ կնշվի, որ Մարտի 1-ի զոհերը եւ վիրավորները ընդդիմություն-իշխանություն բախումների արդյունքում են եղել: Սաքունցը երեկ եւս մեկ անգամ կրկնեց, որ ինքը ասել եւ ասում է, որ զոհերը եւ վիրավորները եղել են ՀՀ իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի զենք կիրառելու արդյունքում:
ՔՀԻ-ի հաղորդագրության շուրջ ծագած այս վեճն իրականում խորքային այլ պատճառներ ունի եւ կապվում է ապրիլի 6-8-ը Երեւանում կայանալիք համաժողովի հետ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մարտի 10-ին ՄԻՄՖ-ի կայքէջում հրապարակվել է այդ համաժողովի օրակարգը: Պարզվել է, որ համաժողովի ընթացքում նախատեսվող ելույթների ցանկն արդեն ճշտված է, եւ հայկական իրավապաշտպանները լավագույն դեպքում կարող են դիտորդի դերում լինել եւ ունկնդրել ՀՀ պաշտոնյաների` արդարադատության խնդիրների վերաբերյալ ելույթները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսինքն, քաղբանտարկյալներով բանտերը լցրած, քաղաքացիների արյունը հեղելով` իշխանություն պահող անձինք պատրաստվում են միջազգային փորձագետների հետ համատեղ քննարկել արդարադատության վերաբերյալ խնդիրներ, որի հետեւանքով իրավապաշտպանների շրջանում բողոքի ալիք է բարձրացել, որն ավելի շուտ ներքին կարգով է եղել: Արդյունքում, երեկ արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի բացման խոսքը օրակարգից հանվել է, եւ նրա փոխարեն բացման խոսքով հանդես պետք է գա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՔՀԻ-ի նախագահ Արման Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրակարգը փոխվել է, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է համաժողովի բացմանը ելույթով հանդես գալ: Դանիելյանը հաստատեց, որ ի սկզբանե, մինչեւ օրակարգը հրապարակելը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված է եղել, նրա բացման խոսքով հանդես գալու հանգամանքը: Իսկ թե ինչով է պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը փոխել է իր որոշումը, Արման Դանիելյանը չկարողացավ պարզաբանել: Նա ասաց, որ այդ խնդիրներով զբաղվում է ՄԻՄՖ-ի Փարիզում գտնվող կենտրոնական գրասենյակը:
Իսկ ինչու համաժողովի ընթացքում հայկական իրավապաշտպաններին ելույթի հնարավորություն տրված չէ, այն դեպքում, երբ ՀՀ առնվազն չորս պաշտոնյաների ելույթ է նախատեսված` այս առնչությամբ Արման Դանիելյանն ասաց. «Ով ցանկանում է կարող է աշխատանքային խմբերում ելույթ ունենալ»: Ավելի կոնկրետ, խոսքն այն մասին է, որ հայկական իրավապաշտպանները կարող են համաժողովի «մասսովկան» ապահովողի դերում լինել եւ եթե ցանկանան խմբային քննարկումների ժամանակ կարող են իրենց կարծիքն արտահայտել: Ինչը Դանիելյանի ներկայացմամբ կոչվում է «աշխատանքային խումբ»: Մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն լուրերը, ըստ որոնց, ՄԻՄՖ-ի տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելը ՀՀ իշխանությունների ցանկությամբ է պայմանավորված եղել, Արման Դանիելյանը պատասխանեց. «Նման բան չկա, ես լավ գիտեմ, ոնց է ընտրվել մեր երկիրը: Այստեղ ՀՀ իշխանությունների խնդրանքի հարց չկա»: Իսկ երբ նրանից փորձեցինք պարզել, թե ինչպես է Հայաստանն ընտրվել, նա պատասխանեց, թե ինքը չի կարող հստակ ասել եւ կրկին առաջարկեց այդ հարցի պատասխանը Փարիզի գրասենյակից ճշտել: Ինչեւէ, երեկ հայկական մի քանի իրավապաշտպաններից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք իրենք մասնակցելու են համաժողովին: Արթուր Սաքունցն, ինչպես հայտնի է, արդեն իսկ հայտարարել է, որ համաժողովին չի պատրաստվում մասնակցել, քանի որ ՀՀ իշխանությունների ակտիվ մասնակցության` ելույթներով հանդես գալու իրավունք ունենալու ֆոնին, իրավապաշտպանները զրկված են նրանց հակազդելու հնարավորությունից:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը ընդհանրապես հրավիրված չէ համաժողովին: Գյումրիի լրագրողական «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հաստատեց, որ իրենց մի քանի օր առաջ հրավիրել են համաժողովին մասնակցել, բայց առանց ելույթի իրավունքի, ավելի ճիշտ` իրենք կարող են միայն աշխատանքային խմբերում քննարկումների ժամանակ իրենց կարծիքն արտահայտել: Բարսեղյանը այս պահին դժվարացավ ասել, թե իրենք ինչպես կվարվեն հրավերի հետ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց եւս համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել, սակայն, իրենք դեռ չեն որոշել մասնակցելու են, թե` ոչ: Ըստ Հարությունյանի, իրենք պատրաստվում են համաժողովի կազմակերպիչներին առաջարկել, որպեսզի ֆորմատը փոխվի, եւ ՀՀ պաշտոնյաների ելույթների հետ զուգահեռ ելույթի հնարավորություն տրվի նաեւ Հայաստանի իրավապաշտպաններին: Եթե այս առաջարկն ընդունվեի, ապա այդ դեպքում իրենք միգուցե կմասնակցեն համաժողովին:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.armtimes.com/4213
Վահագն Հովակիմյան
Թեմային վերաբերող այլ նյութեր.