ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները
00:00, December 9, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներԲաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2009 թ-ի դեկտեմբերի 4-6-ը կազմակերպվել էր քարոզարշավ՝ ”ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները” խորագրով:
Քարոզարշավն իրականացվում էր ”Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ”, ”Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք”, ”Իրական աշխարհ, իրական մարդիկ”, ”Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք”, ”Հույս և օգնություն” հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Քարոզարշավի շրջանակներում 2009 թ-ի դեկտեմբերի 4-ին և 5-ին Գյումրի և Վանաձոր քաղաքներում կայացան մեկական կլոր-սեղան քննարկումներ և հեռուստաքննարկումներ: Կլոր-սեղան քննարկումներին մասնակցում էին Գյումրու և Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, բժիշկներ: Քննարկումների ժամանակ ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի խմբերի՝ թմրամիջոց գործածողների, նույնասեռականների, կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրները: Կարևորվեց վերը նշված խմբերի իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ հասարակության հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը՝ որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, համաճարակի հետևանքների մեղմման երաշխիք:
”Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ թեև պետության կողմից իրականացվում են համաճարակի կանխարգելմանն ուղղված առողջապահական ծրագրեր, այնուամենայնիվ վարակի նկատմամբ խոցելի խմբերի իրավական պաշտպանվածության հարցը մնում է չկարգավորված: Կա նաև առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովման անհրաժեշտություն: ”Այսօր մեր հասարակությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ առկա են խարանի բոլոր երեք դրսևորումները՝ մշակութային, ինստիտուցիոնալ և ներքին խարան: Մարդիկ խուսափում են ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետազոտություն անցնել՝ վախենալով հասարակության խտրական վերաբերմունքից,- նշեց ”Իրական աշխարհ, իրական մարդիկ” հ/կ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը,- մինչդեռ հասարակության վերաբերմունքի մեջ դրական փոփոխությունը բխում է հենց հասարակության շահերից, քանի որ խտրական վերաբերմունքը նպաստում է վարակի տարածմանը”:
”Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք” հ/կ-ի նախագահ Արթուր Պոտոսյանը նշեց, որ հետխորհրդային բոլոր երկրներում վարակը լայն տարածում է գտել ներարկային թմրամիջոց գործածողների միջոցով: Հայտնի է նաև, որ թմրամիջոցների ներարկային օգտագործումը հանդիսանում է ՄԻԱՎ-ի տարածման երկրորդ հիմնական ճանապարհը: Միայն այս տարի է, որ ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական ճանապարհ է ճանաչվել հետերոսեքսուալ փոխանցման ուղին: Այդուհանդերձ, թմրամիջոց գործածողները, չվստահելով բժիշկների կողմից գաղտնիության սկզբունքի պահպանմանը, չեն դիմում առողջապահական հաստատություններ՝ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար համապատասխան հետազոտություն անցնելու նպատակով: Ուստի վարակի տարածումը կրճատելու նպատակով մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, իրականացվում են վնասի նվազեցման ծրագրեր, որոնց նպատակը թմրամիջոցների վնասների, այդ թվում և ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկի նվազեցումն է:
”Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ ՄԻԱՎ վարակի տեսակետից խոցելի համարվող նույնասեռականների խումբը ևս հաճախ խտրական վերաբերմունքի և խարանի արդյունքում չի դիմում բժշկական հաստատություններ, իսկ դիմելու դեպքում էլ չի տրամադրում տեղեկատվություն իր սեռական կողմնորոշման վերաբերյալ: Արդյունքում, անցնելով ոչ լիարժեք հետազոտություն, նույնասեռականների առողջությունը լրջորեն վտանգվում է:
Շատ դեպքերում խտրական վերաբերմունքը դրսևորվում է հենց բուժհիմնարկների աշխատակիցների կողմից, ինչը դրսևորվում անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելով կամ գաղտնիության սկզբունքի կոպիտ ոտնահարմամբ: ”Հույս և օգնություն” հ/կ-ի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանը ներկայացրեց փաստեր, երբ բժշիկը հրաժարվել է սպասարկել մի կնոջ, ով նախապես հայտնել էր այն մասին, որ ինքը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: ”Բավական մեծ է նաև խտրականությունը կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց նկատմամբ. գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել նրանց՝ դրանով իսկ խոչընդոտելով նրանց ինտեգրմանը հասարակության մեջ կամ կենսակերպը փոխելուն”, – նշեց Հ. Էդիլյանը:
Այսպիսով հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի և խարանի պատճառով խախտվում են ՄԻԱՎ վարակի տեսակետից խոցելի խմբերի մի շարք իրավունքներ, իսկ մարդու իրավունքները առանցքային տեղ են զբաղեցնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում:
Քննարկման ավարտին մասնակիցները եկան այն համոզման, որ անհրաժեշտ է իրազեկման աշխատանքներ տանել հասարակության լայն շրջաններում, այդ թվում և՝ բուժհիմնարկների աշխատակիցների շրջանում: