Միջադեպ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
00:00, August 3, 2011 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր՝ 2011 թ. օգոստոսի 3-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ վճռի հրապարակումից հետո:
Դատական նիստին, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում, դատավոր Հ.Դավթյանը հրապարակեց Մ.Հազրոյանի ցմահ դատապարտման վճիռը:
Հիշեցնենք, որ Մ.Հազրոյանը մեղադրվում է 2010 թ-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ:
Վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում:
Սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին՝ դադարեցնելու ֆիզիկական բռնությունը: Ավելին, Մ.Հազրոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանի պահանջից՝ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը, ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել նաև փաստաբանի նկատմամբ՝ հայտարարելով, որ լավ է անում:
Շուշիի ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի և նրա պաշտպան Է.Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնությունները, որը կատարվել է դատարանի դահլիճում Մ.Հազրոյանի հարազատների, լրագրողների ներկայությամբ, դատապարտելի են: Դրանով ստեղծվում է վախի մթնոլորտ, վտանգի տակ է դրվում դատարանում մեղադրյալի և նրա պաշտպանի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքները, առանց որոնց ապահովման անհնար է արդյունավետ պաշտպանության և արդարադատության իրականացումը:
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից և ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հարուցել քրեական գործ և իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն բռնարարքներ թույլ տված ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ:
Վանաձոր
3 օգոստոսի, 2011 թ.