Միջնորդությունները մերժվեցին
00:00, February 24, 2009 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2009թ. փետրվարի 20-ին Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործ»-ով հերթական դատաքննությունը:
Դատական նիստը սկսվեց փաստաբան Ս. Ոսկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը խնդրեց դատական նիստը հետաձգել մինչև 2009թ. մարտի 1-ը, երբ ուժի մեջ կմտնեն դատական համակարգի գործունեության վերաբերյալ մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այդ փոփոխությունների համաձայն` վերանալու են մասնագիտացված դատարանները, այդ թվում նաև իր գործունեությունը դադարեցնելու է Հյուսիսային քրեական դատարանը, որտեղ լսվում է Մատաղիսի գործը:
Դատարանի կողմից միջնորդությունը մերժվեց:
Նախորդ դատական նիստի ընթացքում /06.02.2009թ./ Ս. Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել վկա Արման Թադևոսյանի առողջական վիճակի ստուգման վերաբերյալ: Այս միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել էր: Խնդիրը կայանում էր նրանում, որ վկա Արման Թադևոսյանը չէր կարողանում պատասխանել դատավորի հարցերին` պատճառաբանելով, որ ոչինչ չի հիշում:
Այս նիստին, սակայն, Ա. Թադևոսյանը ներկայացել էր առանց համապատասխան բժշկական տեղեկանքի: Այնուամենայնիվ, վերջինիս նորից ենթարկեցին հարցաքննության, որին էլ նա պատասխանեց մեկ հստակ արտահայտությամբ` «ոչինչ չեմ հիշում»:
Պաշտպանական կողմը երկրորդ անգամ միջնորդություն ներկայացրեց վկայի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը միջնորդությունը մերժեց և որոշեց հրապարակել նախկինում` 2004թ. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Թեև ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` նախկինում տրված ցուցմունքները հրապարակվում են միայն, եթե դրանց միջև առկա է որոշակի հակասություն:
Ցուցմունքները հրապարակելուց հետո էլ վկան ոչինչ չհիշեց: Մեղադրողի այն հարցին, թե եթե վկան չի հիշում նախկինում տված իր ցուցմունքները, ապա ինչպես է հաստատում դրանք, վկան չպատասխանեց:
Երկրորդ վկա Սամվել Պողոսյանը, ի տարբերություն նախորդի, որոշակի բաներ հիշում էր: Թեև նախկինում տրված նրա ցուցմունքները հակասում էին դատաքննության ընթացքում տրվածներին, նա պնդում էր բոլոր ցուցմունքների իսկությունը:
Ամբաստանյալ Արայիկ Զալյանը միջնորդություն ներկայացրեց` վկային իր կողմից տրվելիք հարցերի նախապատրաստության համար:
Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց:
Վկայի հարցաքննության ավարտից հետո դատը հետաձգվեց մինչև 2009թ. մարտի 12-ը: