Նախարարը չի արձագանքել կալանավայրերի հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվություններին. հայտարարություն
09:52, July 29, 2013 | Հայտարարություններ | Քրեակատարողական հիմնարկներ2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն:
Առաջին հաշվետվությունը վերաբերվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն էր ներկայացրել դեռևս 2013թ. հունիսի 13-ին, որին պատասխան չէր ստացվել:
Ինչպես 2013թ. հունիսի 13-ին, այնպես էլ հուլիսի 16-ին ներկայացված հրատապ հաշվետվություններով բարձրացվել էին դատապարտյալին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և վիրահատելու հարցերը, քանի որ դատապարտյալ Հ. Տ.-ն տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, նրան անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, որը, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացնել հնարավոր չէ, և դատապարտյալը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում:
Երկրորդ հաշվետվությունը վերաբերվում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակին: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ:
Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր դատապարտյալ Ա.Գ.-ին անհապաղ պատժից ազատելու հարցը:
Հաջորդ հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. հուլիսի 17-ին «Վանաձոր» ՔԿՀ կատարված այցելության ժամանակ արգելվել էր դիտորդների մուտքը քրեակատարողական հիմնարկ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրենց ուղարկված հրամանին կից ցուցակում դիտորդների անուններն ընդգրված չեն եղել: Մինչդեռ նույն դիտորդները «Վանաձոր» ՔԿՀ-ում նախորդ այցելությունների ժամանակ որևէ խոչընդոտի չէին հանդիպել:
Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր Դիտորդների խմբի բնականոն գործունեությունը ապահովելու շուրջ միջոցներ ձեռնարկելու խնդիրը:
Ներկայացված բոլոր հրատապ հաշվետվությունների առնչությամբ դեռևս որևէ պատասխան չի ստացվել, մինչդեռ կարգի համաձայն հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները արդարադատության նախարարության կողմից պետք է տրվեն երեք օրվա ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:
Նման գործելակերպի շարունակման դեպքում, Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ: