Նացիստներն էլ զարմանալի խոստովանություն էին անում
13:24, March 16, 2013 | ՆորություններԵրեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Մարտի մեկի հարցի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ քառօրյայի օրակարգ ընդգրկելուն: ՀՀԿ-ի՝ կողմ քվեարկելու դեպքում մարտի 1-ի գործով ստեղծվելու է երրորդ հանձնաժողովը: Այս հարցը ՀՀԿ և ՀԱԿ համաձայնության արդյունքում մեկ տարի առաջ հետաձգվել էր նախագահի ընտրությունների հետո՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով Մարտի մեկի հանձնաժողովի ստեղծման մասին, արձանագրել է, որ մարտի մեկի դեպքերը և հատկապես տասը սպանվածների հարցը քաղաքական նպատակահարմարության կամ քաղաքական պայմանավորվածության արդյունքում նորից օրակարգում է հայտնվել: Նա նշել է, որ մարտի մեկի դեպքերը և տասը սպանվածների հարցն այս նախագահական ընտրություններում օրակարգի հարց պետք է դառնային, բայց չդարձան ոչ միայն այն կուսակցությունների կողմից, որոնք չէին մասնակցում ընտրություններին, այլ նաեւ մասնակիցների կողմից:
«Հասկանում եմ՝ Սերժ Սարգսյանն այն ժամանակ եղել է վարչապետ, բնականաբար, նա չէր դնի այդ հարցը, բայց մյուսների համար քաղաքական և քաղաքացիական թիվ մեկ դիսկուրսի թեման, որը քաղաքական նշանակություն ուներ, չդարձավ բովանդակային հարց, այսինքն՝ ես սա միանշանակ պայմանավորում եմ քաղաքական սուբյեկտների կանխամտածված լռությամբ»,- ասել է Արթուր Սաքունցը:
Հնարավո՞ր է՝ սա կապված է նախագահական ընտրություններից հետո հասարակության ուշադրությունը շեղելու մտադրության հետ: Արթուր Սաքունցի կարծիքով, եթե սա հերթական փորձն է՝ մարտի մեկի թեման շահարկելով քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծել, ապա սա հերթական անբարոյականությունն է, որովհետև բոլորն են պատասխանատու մարտի մեկի հարազատների առջև, և հիմնական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է:
«Այն ժամանակ փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բացահայտվեց բոլոր այն օլիգարխների ցուցակը, որոնց թիկնապահներին համազգեստ էին հատկացրել, ինչը հինգ տարի հատուկ քննչական ծառայությունը չկաողացավ բացահայտել, հինգ տարի այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց»,-ասել է Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ նախագահական ընտրություններից հետո փորձ են անում ինչ-որ գնահատականներ տալ, որի հիմնական հասցեատերը դառնում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր քաղաքական արբանյակների հետ միասին:
Նա նաև նշել է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրը հերթական անգամ դառնում է քաղաքական նպատակներով օգտագործման միջոց, որն անբարոյականություն է:
«Կատարվել է հանցագործություն ընդդեմ ՀՀ-ի, և այդ հանցագործության չբացահայտման պայմաններում գնացինք հերթական ընտրությունների: Փաստահավաք խմբի կողմից Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության չկանչվեց, ինչպես նաև Սեյրան Օհանյանը, Հայկ Հարությունյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը /որպես ընդդիմության առաջնորդ/ չկանչվեցին, փաստահավաք խմբի գործունեությունը կասեցվեց՝ փոխանակ խրախուսվեր հենց նույն Սերժ Սարգսյանի կողմից»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ Վարդան Օսկանյանը որպես մարտի մեկին արտակարգ իրավիճակի հետ կապված հայտարարություն անող, նույնպես չհարցաքննվեց, և հիմա հարց է՝ արդյոք այս հանձնաժողովը նրանց կանչելու է:
Արդյոք իշխանությունը կարող է մարտի մեկի բացահայտման խնդիրը լուծել. իրավապաշտպանն ասել է, որ Նյուրնբերգյան դատարանում նացիստական իշխանության առանձին ներկայացուցիչներ զարմանալի խոստովանություններ էին անում:
«Ես կարծում եմ՝ այսօր էլ կլինեն մարդիկ, ովքեր կխոստովանեն, որ իրենք հրաման են կատարել, և եթե հանձնաժողովն ուղղված է լինելու այդ խնդիրը լուծելուն, կամ գտնում են, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ կասեն՝ ում հրամանն են կատարել, հիմնական դերակատարին ոչ թե պետք է անպայման բերեն հանձնաժողով, այլ պետք է տանեն գլխավոր դատախազություն»:
Պետք է լինի երաշխիք, որ մարտի մեկի դեպքերի պատշաճ և բազմակողմանի քննություն կլինի. «Եթե քաղաքական մեծամասնությունը գնում է այդ քայլին, պատկերացնենք՝ Սերժ Սարգսյանն էլ պատրաստ է ցուցմունք տալու: Եթե այդպիսի հանձնաժողով ստեղծելու ցանկություն կա, սա նշանակում է՝ հենց ինքը պատրաստ է ցուցմունք տալու, ինչպես նորմալ երկրներում: Օրինակ՝ Քլինթոնը ցուցմունք էր տալիս Կոնգրեսի հանձնաժողովի առջև Մոնիկա Լեվիսնսկու միջադեպի հետ կապված: Հանձնաժողովի իրավասությունն ընդունելով հանդերձ, Սերժ Սարգսյանը պետք է պատրաստակամություն հայտնի ցուցմունք տալու», ասել է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/80156