Նոր առաքյալներ հների փոխարեն
00:00, June 6, 2006 | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՌաֆայել Մովսիսյանը, ով ներկայացնում է Նոր առաքելոց եկեղեցու Հայաստանի համայնքը, ժամանակին Աստծուն հավատացել է այլ կերպ ու այլ պատկերացումներով: Պարբերաբար Հայ առաքելական եկեղեցի է գնացել, մոմ վառել, մկրտվել այնպես, ինչպես առաքելական եկեղեցու հավատացյալները: Եվ միայն 90-ականներին ընդգրկվել է կրոնական այլ կազմակերպության շարքերն ու արդեն ստացել է եպիսկոպոսի կոչում:
«Մեր եկեղեցու դավանանք այն է, որ սպասում ենք Հիսուսի գալուստին»,-ասում է եպիսկոպոսը: Հայաստանում 90-ականների սկզբին ձևավորված եկեղեցին համարվում է նոր առաքյալների ուղղություն, որը փոխարինելու է եկել հին առաքյալների դավանանքին: Ռաֆայել Մովսիսյանը պատմում է, թե ինչպես դեռ 90-ականներին իրենց առաքյալներից մեկը Ֆրանկֆուրտում հանդիպում է այսօրվա կաթողիկոսին, որն էլ խորհուրդ է տալիս Հայաստանում ևս ստեղծել այս ուղղությունը: Այս եկեղեցում համոզված են, որ մարդն ազատ է ծնվում, առանց հավատի ու ինքն է որոշում իր դավանանքը: Իսկ որ ամենահետաքրքրականն է, այստեղ պիտի բառը չեն ընդունում: Եկեղեցու եպիսկոպոսն ասում է, թե մարդ ազատ է ծնվում և սեփական որոշմամբ էլ ընդունում կամ մերժում է որևէ գաղափարախոսություն: Դա է պատճառը, որ Ավետարանը քարոզելիս այս կրոնական ուղղության ներկայացուցիչները հեռու են մնում անծանոթ մարդկանց այցելելուց ու իրենց տեսակետները պարտադրելուց: Նրանց համար «հավատքը քարոզից է ծնվում»: Իսկ քարոզել դեռ չի նշանակում Ավետարանը ձեռքին փողոցից փողոց գնալ: Հենց եկեղեցու պատերի ներսում անց է կացվում մատչելի, խոսակցական լեզվով քարոզ: Սրան հաջորդում է աղոթքը, ևս մատչելի լեզվով, հետո նշխարքի ընդունման արարողությունն է սկսվում, որն ավարտվում է կրկին աղոթքով: Ժամերգությունը տևում է ամենաշատը մեկ ժամ: Նոր առաքյալներն ընդունում են դժոխքի ու դրախտի գոյությունը, հավատում սուրբ երրորդությանը, ջրով մկրտվելուն ու բացառում կրոնը: Բացառում են նաև մարդու կողմից այս կամ այն հավատացյալին սրբացնելը:
«Դա Աստծո գործն է, իսկ մարդը իրավունք չունի խառնվելու Աստծո գործերին»,-բացատրում է եպիսկոպոսը: Չնայած այն հանգամանքին, որ չեն ընդունում Հայ Առաքելական եկեղեցու բացասական վերաբերմունքը այլ կրոնական ուղղությունների նկատմամբ, այդուհանդերձ ո°չ քննադատում են, ո°չ էլ քարկոծում: Առավել ևս, Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիրներ չունեն, չնայած մոմ վառելը, խաչակնքելն ու ծեսերը չեն համարում հավատքի հիմքը:
«Ապաշխարանքի հիման վրա մարդ կարող է ազատվել մեղքերից»,-իրենց եկեղեցու գաղափարախոսությունն է ներկայացնում Ռաֆայել Մովսիսյանը: Կտրականապես դեմ են կիրառելու աղանդ բառը, միևնույն ժամանակ գտնում են, որ աղանդը այն կազմակերպությունն է, որը ծեսեր ու եկեղեցի չունի: Այստեղ ասում են, թե Հայաստանը քրիստոնեական պետություն չի կարելի համարել, որովհետև եթե մարդ կնքված չէ, նա քրիստոնյա չէ, իսկ Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր մկրտված չեն:
Նոր Առաքելոց եկեղեցու դավանանքը հավատքի մեջ է, որն ավելի շատ մոտ է բողոքականությանը: Նոր առաքյալների այս ուղղությունը որպես եկեղեցի ձևավորվել է դեռևս 18-րդ դարում: Հայաստանում այն տարածվել է արդեն տասը համայնքներում, որոնց անդամների թիվը գերազանցում է հազարը: Եթե որևէ մեկը ուզում է մուտք գործել եկեղեցի, նրան տալիս են կես տարի ժամանակ: Ինքն է ուսումնասիրում եկեղեցու դավանանք, միաժամանակ իրեն են ուսումնասիրում ու փորձում արդեն նոր առաքյալներ դարձած անդամներն ու այդպես կամ ընդգրկվում է կամ էլ՝ չէ: Տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներից կազմված նոր առաքյալների 20-25 տոկոսը մտավորականներ են: Եկեղեցում գերակշռում են հատկապես երիտասարդները: Ընդհանուր առմամբ, այս կրոնական կազմակերպության ներկայացուցիչները խնդիրներ չեն ունենում հասարակական տարբեր ոլորտներում: Բանակ զորակոչվելիս իրենց երիտասարդները զենքի հետ միասին Աստվածաշունչ են պահում ու զինակիցներին ևս ծանոթացնում Աստծո խոսքին: Նրանց համար հպարտություն է կոչվել նոր առաքյալներ ու այդ մասին բարձրաձայնել տարբեր ատյաններում: Զբաղվում են բարեգործությամբ ոչ միայն
իրենց հավատակիցների, այլև այլ դավանանքի տեր մարդկանց շրջանում: Ունեն մանկական տարբեր խմբակներ: Ուսուցանում են համակարգչային գիտելիքներ, սովորեցնում օտար լեզուներ, զբաղվում երեխաների դաստիարակությամբ, որի համար ունեն նաև մանկական սենյակ: Բայց այլ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ չունեն: «Նախանձը շատ է կրոնական կազմակերպությունների միջև»,-ասում է եպիսկոպոս Ռաֆայելը: Միջեկեղեցական հարաբերություններում, ըստ նրա, գերակշռում են երկրային խնդիրները, որոնք հետագայում վեր են ածվում դավանաբանական խնդիրների:
«Աստված ինչ մեղք ունի, որ մեկը իր անունը Ալլահ է կնքել, մյուսը՝ Բուդդա և այլն»,-միջեկեղեցական հարաբերությունների խոչընդոտներն է խոստովանում Ռաֆայել Մովսիսյանը,-ձեռք բռնել չկա, ցավոք սրտի, յուրաքանչյուրը պնդում է, թե ինքն է ամենաճշմարիտը»:
Նաիրա Բուլղադարյան