Ողբերգությունից մեկ տարի անց
00:00, August 1, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀուլիսի 28-ին լրացավ Մարտունու զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել էր մեկ լեյտենանտի ու մեկ սերժանտի, այնուհետ նաեւ դեպքի վայրին մոտեցած եւս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել: Միջադեպին զոհ էր գնացել նաեւ վանաձորցի 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը:
Երեկ մենք այցելեցինք Ռոբերտենց տուն: Հայրը` Միքայել Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած անցել է մեկ տարի, բայց որեւէ նորություն չունեն իրենց որդու սպանության հետ կապված: Իսկ նախաքննության ընթացքից տեղյակ է միայն, «որ լավ չի ընթանում»:
Այս մեկ տարվա ընթացքում սպանված զինվորի ընտանիքը դրամական օգնություն ստացել է միայն հուղարկավորման ժամանակ, իսկ երեք ամիս անց հատկացվել է նաեւ 9 հազար 100 դրամ: «Ասում են՝ փաստաթղթերը երբ ստացել ենք, էդ ժամանակվանից ենք հաշվել ու հատկացրել, հիմա դարձրել են 10 հազար դրամ»,- ասաց զոհվածի հայրը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ օրս դեռեւս նախաքննությունը չի ավարտվել. «Սպանվածների հարազատները բացարձակապես տեղեկացված չեն, թե նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ինչ է արվել»:
ՀԳ – Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով զորամասում ծառայող հրամանատարներից մի քանիսը հեռացվել էին զինծառայությունից, սակայն ամիսներ անց նրանք կրկին վերադարձել են բանակ, ծառայում են եւ տարբեր պաշտոններ զբաղեցնում: