Ոստիկանները շարունակում են ապօրինի խուզարկություններն ու ձերբակալությունները
14:16, April 20, 2012 | Նորություններ | ՈստիկանությունՈստիկանության աշխատակիցների կողմից շարունակվում են մարդու իրավունքների խախտումները քաղաքացիներին բերման ենթարկելու, խուզարկության կատարման և ձերբակալության վերաբերյալ որոշումների ընդունման և իրականացման գործընթացներում: «Մարդու իրավունքները քաղաքացի-ոստիկան հարաբերություններում» թեմայով 2010-2011 թթ. իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցի շնորհանդեսին այսօր այս մասին հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Վերլուծելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դիտարկված՝ ոստիկանության ծառայության և նրա աշխատակիցների հետ քաղաքացիների հարբերություններում մարդու իրավունքների վիճակը` գրասենյակը ձևակերպել հետևյալ խնդիրները. ոստիկանության բաժանմունքներում շարունակվում է քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի պրակտիկան` բռնությունների, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների և այլ անօրինական գործողությունների միջոցով, շարունակվում է քաղաքացիների մոտ անվստահությունը և վախը՝ հատկապես ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ներկայացման հետ կապված, պատշաճ քննություն չի իրականացվում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացիների բողոքների վերաբերյալ և իրականացված ծառայողական քննության արդյունքները պատշաճ չեն ներկայացվում քաղաքացուն, չեն տրամադրվում եզրակացությունները:
Բացի նշվածներից` զեկույցն արձանագրում է, որ պարբերական բնույթ է կրում քաղաքացիների իրավական աջակցություն ստանալու իրավունքի խախտումը բերման ենթարկելու, խուզարկություն կատարելու և ձերբակալելու ընթացքում, ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերով չի իրականացվում բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննություն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում:
Աղբյուրը՝ http://www.armtown.com/news/am/zam/20120420/76133/