Ոստիկանության աշխատակիցները ծեծել են
00:00, February 27, 2009 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2009թ. փետրվարի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին` հանցագործության` ծեծի և խոշտանգումների մասին:
2009թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը և ես` Արթուր Սաքունցս, այցելել ենք «Վանաձոր» ՔԿՀ: Այցելության ընթացքում հանդիպել ենք կալանավոր Արթուր Վազգենի Վարդումյանին:
Դեպքի նկարագրություն
2009 թվականի փետրվարի 9-ին Տիգրան Մեծի պողոտայից հանցագործություն կատարելու կասկածանքով Արթուր Վազգենի Վարդումյանը բերման է ենթարկվել Վանաձորի ոստիկանության բաժնի քրեական բաժին: Արթուր Վազգենի Վարդումյանը պնդում է, որ Վանաձորի ոստիկանության քրեական բաժնի մի խումբ աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել, որտեղ նրան այդ վիճակում տեսել են Վանաձորի ոստիկանության բաժնի պետը և նրա տեղակալ Սարգիս Այվազյանը:
2009թ. փետրվարի 12-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց ընդունման զննության մատյանում կատարվել է գրառում այն մասին, որ կալանավոր Արթուր Վազգենի Վարդումյանը ընդունվել է «Վանաձոր» ՔԿՀ աջ ձեռքի ցուցամատի և ճկույթի վրա քերծվածքներով, բացի այդ գլխի գագաթնային և աջ շրջանում քերծվածքներ կան, որոնք ըստ կալանավորի առաջացել են 09.02.2009 թվականին ժամը 22:00-ի սահմաններում Վանաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու պատճառով:
Ելնելով վերը շարադրվածից, հիմք ընդունելով հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը ապացուցելու մասին մի շարք մանրամասները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ և 309-րդ հոդվածները, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 180-րդ, 182-րդ հոդվածները` հարուցել քրեական գործ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հաղորդման հիման վրա կայացրած որոշումը հաղորդումը ներկայացրած իրավաբանական անձին:
Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ, Լոռու մարզի ՇՊԱԿ համակարգող Արթուր Սաքունց