Որքա՞ն արժե կալանավայրում աղջկա հետ ժամանակ անցկացնելը, թմրամիջոցը «ներս բերելը» և «պերեդաչին»
09:25, August 14, 2013 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՔրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, կոռուպցիոն ռիսկերի ու գործող ծառայությունների «գնացուցակի» մասին «Առաջին լրատվական»-ն ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» (ՑԲ) ՔԿՀ-ում պահվող մի խումբ դատապարտյալներից: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, ամեն կալանավայր իր գնացուցակն ունի:
Դատապարտյալներն իրենց ահազանգում դժգոհություն են հայտնում, որ իրենց բուժումը թե Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, և թե այլ քրեակատարողական հիմնարկում վճարովի է, և եթե չվճարեն՝ չեն բուժի։ Ըստ նրանց՝ մարդիկ կան, որ ամսական 30 հազար-ից մինչև 200 ԱՄՆ դոլար գումար են վճարում ու ապրում են Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, որտեղ համեմատաբար բարվոք պայմաններ են:
Դատապարտյալին հանձնուք փոխանցելը, դատապարտյալների համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2000-5000 դրամ է, «Էրեբունի» ՔԿՀ-ում՝ 1500-5000 դրամ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 1000-5000 դրամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 5000 դրամ է: «Դատապարտյալների հիվանդանոց» դրսից բժիշկ բերելու թույլտվության համար ՔԿՀ-ի բժշկին պետք է վճարեն 25 հազար դրամ: Նույն քրեակատարողական հիմնարկ մեկ անգամ թմրադեղ ներս բերելու համար ՔԿՀ-ի աշխատակիցն իր «ծառայության» համար գանձում է 100 ԱՄՆ դոլար: Դատապարտյալների հետ նրանց հարազատների տեսակցության թույլտվության արժեքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվում է 3000 դրամից, «Էրեբունի» ՔԿՀ-ում 1000-3000 դրամ է, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ մինչև 5000 դրամ: Ահազանգող դատապարտյալները նշում էին նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» դրսից բերված աղջկա հետ ժամանակ անցկացնելը 100 դոլարից 100 հազար դրամ արժի:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանն այս մասին լսելով՝ ասաց. «Բացառվում է»: Նա վստահեցրեց, որ ահազանգողները դատապարտյալներ չեն, նրա ձևակերպմամբ՝ «ինչ-որ մեկի ինչ-ինչ գործողություններն են ու ինչ-ինչ նպատակներ են հետապնդում», որի մասին խոսել չցանկացավ:
«Դատապարտյալների անունները բերեք, տանենք-ստուգենք, և օրենքի ամբողջ խստությամբ բոլորը կպատժվեն՝ թե՛ ղեկավարությունից, թե՛ դատապարտյալներից, ովքեր գումար են վճարում, որ այնտեղ ապրեն»,- ասաց Գոռ Ղլեչյանը:
Մեր այն հարցին, թե կա՞ արդյոք ուսումնասիրություն, որի հիման վրա նա համոզված հերքում է տվյալները, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Իհարկե՝ կան, յուրաքանչյուր դատապարտյալ մինչև տեղափոխվելը մանրակրկիտ, մանրազնին բուժզննում է անցնում և ոչ միայն մեզ մոտ, նաև պետական հաստատություններում և այլ հիվանդանոցներում, բուժկենտրոններում»: Նա այս հանգամանքը պարզաբանեց նրանով, որ կարող է լինել նեղ մասնագիտական բժշկական հետազոտության կարիք, և դատապարտյալն ուղարկվի տվյալ բուժհաստատություն:
Երբ դատապարտյալների նշած «գնացուցակի» մասին հայտնեցինք Գոռ Ղլեչյանին, նա սկզբում ասաց, թե մենք ենք «որոշել այդ գները», հետո՝ չբացառեց:
«Դուք հանցագործության մասին հայտարարություն եք տալիս: Դեպքեր լինում են, փորձեր լինում են։ Երբ հայտնաբերվում են, ենթարկվում են տարբեր կարգապահական տույժերի՝ ընդհուպ աշխատանքից հեռացում , ավելին՝ երբեմն քրեական գործ է հարուցվում»,- ասաց Քրեակատարողական վարչության մամլո խոսնակը:
Նրա տեղեկացմամբ՝ վերջին 15 օրվա ընթացքում թմրամիջոցների հայտնաբերման երկու դեպք է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում։ Նա ասաց նաև, որ թմրամիջոցները ներս թողնելու համար հիմնարկի ծառայողների կողմից գումար վերցնելու դեպքեր եղել են, նրա ձևակերպմամբ՝ «Ծառայություն է, ամեն ինչ հնարավոր է»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ Արթուր Սաքունցի տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին ահազանգերի, առանձին խոսակցությունների, դատապարտյալների հարազատների կողմից տրված տեղեկությունների արդյունքում ստացվում է, որ կոռուպցիոն ռիսկերն այս ոլորտի կարևոր խնդիրներից են:
«Մի անգամ հասարակական քննարկումներից մեկի ժամանակ այդ քննարկումներին մասնակից դարձրի մի խումբ դատապարտյալների հարազատների, այդ ընթացքում նրանք խոսեցին նաև այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (մի քանի տարի առաջ) լողանալու, բուժման և այլ ծառայությունների համար գումարներ են գանձվում և կոնկրետ գումարների չափեր նշեցին։ ՔԿՀ վարչության ներկայացուցիչը ոչինչ չասաց, միայն թե՝ ձեր անուններն ասեք, ես էլ ասացի՝ անունները չեն ասելու»,- պատմեց Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ հանձնուքների, տեսակցությունների, բժշկական օգնություն տրամադրելու համար իրապես գոյություն ունեն կոռուպցիոն ռիսկեր, որովհետև այն ՔԿՀ-ները, որոնք ծանրաբեռնված են, որոշակի իրավունքների ապահովումը ենթադրում է «լրացուցիչ ջանքեր»: Գերբեռնվածությունը ենթադրում է, որ արդեն տեսակցությունները սահմանված կարգով և ժամանակում չեն կարող ապահովվել, բոլորը հեռախոսային խոսակցությունների իրավունքից չեն կարող օգտվել, բացի դրանից՝ կա սուբյեկտիվ մոտեցում:
«Դատապարտյալների կողմից բողոքներն այնքան քիչ են, եթե համեմատենք իրավիճակի հետ, որում գտնվում են: Գերբեռնվածության հետ կապված ոչ մի բողոք չկա: 8 հոգանոց խցում 12-20 հոգու են տեղավորում՝ բողոք չկա: Սա վկայում է, որ կա մեծ ճնշում՝ ազատազրկվածների նկատմամբ, իսկ այդ ճնշման պայմաններում որոշակի ծառայություններ ստանալու համար պետք է գնալ կոռուպցիոն գործարքների, որն էլ կատարվում է»,- պարզաբանեց Արթուր Սաքունցը:
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը մասնավոր ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ դատապարտյալները հիվանդանոցներում մնալու համար վճարում են:
«Մի բան է այդ զրույցների մասին ասելը, մի բան է դրանց մասին հրապարակավ հայտնելը, որ մենք կարողանայինք այդ ուղղությամբ աշխատանք տանել: Ազատազրկված անձն այնքան խոցելի է իրավական պաշտպանության տեսանկյունից, որ նման ահազանգի դեպքում նա կարող է ենթարկվել այնպիսի հետապնդումների, որից ինքը խուսափում է»,- ասաց դիտորդական խմբի փորձագետը:
Նա փաստեց, որ, այո, կան նման դեպքեր, երբ դատապարտյալները վճարում են ծառայություններից օգտվելու համար: Նա հավանական համարեց այդ դեպքերը բացահայտել, եթե միայն Արդարադատության նախարարությունը այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամք դրսևորի: Քանի դեռ չկա նման կամք՝ իրավիճակը փոխելու, ըստ Արթուր Սաքունցի, նման ռիսկերը և նման վիճակը պետք է շարունակվի: Առանձին զրույցներ կան, հենց կոնկրետացման մասին խոսք է գնում, բոլորը, նրա կարծիքով, հրաժարվում են կոնկրետ անուններ տալ: Այսինքն՝ ստացվում է «փակ ցիկլ», որի ճեղքման միակ տարբերակ Արթուր Սաքունցը համարում է դատապարտյալների կողմից բարձրաձայնելն ու քայլեր կատարելը, ինֆորմացիա տալը:
Աղբյուրը՝ http://www.1in.am