ՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՖՈՆ
00:00, February 26, 2009 | Մամլո հաղորդագրություններԱՄՆ պետդեպարտամենը հրապարակել է 2008 թվականին մարդու իրավունքի վերաբերյալ իր տարեկան հերթական զեկույցը, ուր Հայաստանի վերաբերյալ առկա են բազմաթիվ բացասական եւ մտահոգիչ գնահատականներ:
Մասնավորապես, նշվում է, որ 2008 թվականին ժողովրդավարությունը Հայաստանում ապրել է էական հետընթաց: Զեկույցը, որ հրապարակել է անձամբ Հիլարի Քլինթոնը, փաստում է նախագահի ընտրությունից հետո խաղաղ ցուցարարների հանդեպ իշխանության կիրառած ուժի պարագան, որի հետեւանքով վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ եւ 10 հոգի սպանվեց: Զեկույցում նշվում է ընդդիմության համակիրների ձերբակալվելու եւ դատապարտվելու, ինչպես նաեւ զեկույցի պատրաստման պահին դեռեւս 55 հոգու բանտարկված լինելու փաստը: Ասվում է, որ որեւէ պաշտոնյա չի մեղադրվել ընտրությանն առնչվող հանցագործությունների համար: Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է արտակարգ դրության, դրանից հետո անցած ժամանակում քաղաքացիների հավաքներ անելու ազատության զգալի սահմանափակումների մասին:
Զեկույցի հեղինակները նշում են նաեւ, որ չնայած մարտի 1-ի ուսումնասիրության փաստահավաք խմբի ստեղծմանը, Հայաստանում ժողովրդավարության կլիման սառեցվում է անկախ մամուլի եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ հարկային ստուգումներով եւ ահաբեկումներով: ԱՄՆ պետդեպարտամենը անդրադարձել է նաեւ մամուլի ազատության սահմանափակմանը, նշել, որ հեռուստաընկերությունները նախընտրական շրջանում գովում էին Սերժ Սարգսյանին եւ փնովում Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Այդ ամենը վկայում է, որ ի դեմս ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի, գործ ունենք ձեւակերպումներով առավել խիստ եւ կոնկրետ մի փաստաթղթի հետ, քան ԵԽԽՎ բանաձեւերն են: Սակայն այդ զեկույցը Հայաստանի իշխանությանը կարծես թե այնքան էլ չի մտահոգել, այլապես նախապես քայլեր կձեռնարկվեին, որ զեկույցը չլիներ այդպես խիստ եւ կոնկրետ գնահատականներով լեցուն: Երեւի թե դրա պատճառն այն է, որ Ամերիկան ԵԽԽՎ չէ, որտեղ կարող են զրկել Հայաստանին ձայնի իրավունքից: Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունը գուցե փորձել է մեղմել զեկույցը, բայց չի ստացվել: Կամ էլ այդ զեկույցը փաստացի այդքան էլ վատ չէ իշխանության համար, քանի որ դրա բացասական ֆոնը հիմնականում բաժին է ընկնում այն ժամանակահատվածին, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Իսկ դա նշանակում է, որ զեկույցը իշխանության համար ավելի շատ հնարավորությունների ֆոն է, քան տհաճություն: Խոսքը վերաբերում է նրան, որ զեկույցի մեջ ուղղակի չնշվող, բայց ինքնաբերաբար հաստատվող քոչարյանական բռնությունների նկարագրությունն ու արձանագրությունը լավ ֆոն է ստեղծում Սերժ Սարգսյանի համար, որպեսզի նրա կառավարման ընթացքում բռնությունների ծավալի զգալի նվազումը ներկայացվի որպես ժողովրդավարության ուղղությամբ թեկուզ ոչ բավարար, բայց առաջընթաց: Իսկ մնացածը տեխնիկայի գործ է, որին մենք ծանոթ ենք օրինակ հետեւյալ արտահայտությունների տեսքով. “Դե ժողովրդավարությունը միանգամից չի ստեղծվում, հնարավոր չէ միանգամից հաղթահարել մարտի 1-ից առաջացած լարվածությունը, հավատացեք, որ հինգ տարի հետո լրիվ ուրիշ Հայաստան ենք ունենալու”, եւ այլն, եւ այլն, եւ այլն:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/src/index.php#top