Չգրված կրիմինալ կանոնները ՔՀ-ում
13:51, May 7, 2013 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ«Մշակույթը կալանավայրերում» թեմայով Թբիլիսիում անցկացվել է ռեգիոնալ ֆորում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-պետական գործիչներ: Ինչպիսի՞ն են միջանձնային փոխհարաբերությունները բանտային համակարգի վերահսկողական մարմնի և կալանավորների միջև: Քննարկմանը ներկայացվել է թեմայի շուրջ կատարված ուսումնասիրություն:
Հայաստանից ֆորումին մասնակցել է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա համակարծիք չէ որոշ մասնագետների այն դիտարկմանը, թե քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների պատճառը կարող են շենքային վատ պայմանները լինել. «Էնպես չի էլի, որ ասենք` շենքային պայմանները փոխվել են` լավ է լինելու: Արդյո՞ք դա փոխում է բովանդակությունը, իհարկե` ո´չ, մենք լուրջ խնդիր ունենք, երբ որ քրեակատարողական վարչության պետը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից, էն դեպքում, երբ որ քրեակատարողական վարչությունը համարվում է արդարադատության ենթակայության կառույց, դուրս է գալիս, որ դատապարտյալ անձը երկու մարմնի է ենթարկվում` մեկը` քրեակատարողական վարչությանը, մյուսը` ՀՀ նախագահին»,-մեր լրագրողի հետ զրույցում նշել է նա:
Ըստ նրա` կոնկրետ Հայաստանում խնդիրը կայանում է նրանում, որ ՔՀ վերահսկվում են «հատուկ» մարդկանց կողմից. «ՔՀ-ում այդ նայողների ինստիտուտը գոյություն ունի, այդ մասին նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն են ասել, որ առանց դրա հնարավոր չի, որ իրենք կարողանան իրավիճակը վերահսկել, դա նշանակում է, որ ինքը` իշխանությունը, իր լիազորությունն իրականացնում է կրիմինալ կանոններով: Դա Հայաստանում էլ է, Վրաստանում էլ, Ադրբեջանում էլ ոչ իրավական մեխանիզմներն են աշխատում, չգրված կրիմինալ կանոնները»:
Ըստ Արթուր Սաքունցի` հայաստանյան որոշ իրավապաշտպան կազմակերպություններ խնդրի լուծման տարբերակներով են հանդես եկել, սակայն դրանք անտեսվել են: Անցած քսան տարվա անկախության պայմաններում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ են եղել , բացի Վարդգես Գասպարիից, Նիկոլ Փաշինյանից և Սարգիս Հացպանյանից, նրանք քիչ թե շատ խոսում են ՔՀ վիճակի մասին, մյուսները ոչ մի ձայն չեն հանում, կամ պետք է ենթադրել, որ իրենք արդեն իսկ արտոնյալ պայմաններում են գտնվել, կամ էլ եթե չեն օգտվել, նշանակում է` իրենք` որպես քաղաքական գործիչ, պետք է պատասխանատվություն կրեն նաև իրավիճակի հետ հարցերը բարձրացնելու առումով, բայց չեն բարձրացնում, ինչի չեն բարձրացնում, չէ՞ որ տեսել են, եթե հավակնում են հարց բարձրացնեն հանրության առաջ, որ ձայն տանք, թող այս հարցն էլ բարձրացնել, ըստ էության` սա քաղաքական խնդիր է»:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/prison-30-tbilisi.html