Չկա առավել վատ բան, քան անորոշությունն է…
00:00, September 1, 2009 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՕգոստոսի 30-ը նշվում է որպես անհայտ կորածների միջազգային օր, որը ևս հանդիսանում է քաղաքացիական հասարակության նախաձեռնություն:
2009թ. օգոստոսի 31-ին Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց միջոցառում նվիրված անհայտ կորածների միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել կազմակերպության կողմից իրականացված քայլերը անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նրանց խնդիրները կարգավորող օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցում էին անհայտ կորածների հարազատներ, Պաշտպանության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Որպես անհայտ կորածների անհետանալու հանգամանքների ուսումնասիրության անհրաժեշտության օրինակ ներկայացվեց ՙԱրաբո՚ ջոկատի և Շիկահողի 6-րդ գումարտակի անհայտ կորածների խնդիրը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՙԱրաբո՚ ջոկատի վերաբերյալ դեռևս անցյալ տարի www.youtube.com ինտերնետային կայքում հայտնված տեսանյութից դրվագներ, որտեղ պարզ երևում է, թե ինչ ճակատագրի են արժանացել հայ զինվորները, և որի առկայությունն առավել արդիականացրեց անհայտ կորածների ճակատագրի ուսումնասիրման հարցը: Միջոցառման կազմակերպիչներն ու ծնողները այն համոզմունքը ունեն, որ զինվորների՝ նման իրավիճակում հայտնվելու հարցը պետք է պետական մակարդակով ուսումնասիրության ենթարկվի և տեղեկությունը տրամադրվի հարազատներին՝ սրանով իսկ ապահովելով նրանց՝ տեղեկություն ստանալու իրավունքը:
Ներկայացվեց նաև Շիկահողի թիվ 6 գումարտակի զինծառայողների 1994 թ. հունվարի 7-ին անհայտ կորչելու փաստը: Այս փաստի առումով ինֆորմացիա ստանալու հնարավորությունն առավել դյուրին է, ինչպես իր խոսքում նշեց Ա. Սաքունցը: Ըստ նրա՝ պետության խնդիրն է կատարել հանգամանալից ուսումնասիրություն` պարզելու, թե ինչպես է եղել, որ մարդիկ անհետացել են, և մինչ օրս ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չկա և ինչքան ժամանակը գնում է, այնքան ավելի է այդ հարցը մնում անորոշության մեջ…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ, անհայտ կորածների, պատանդների և գերիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի անդամ Ջ. Բաղդասարյանը նշեց, որ հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն և անհայտ կորածների հարազատները կտեղեկացվեն արդյունքների մասին: Նա ևս կարևորեց, որ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել և իրազեկել հասարակությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ քանի դեռ հստակ տեղեկություններ չկան անհայտ կորածների կորչելու հանգամանքների վերաբերյալ, խնդիրը մնալու է օրակարգում:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից մշակված ՙԱնհայտ կորածի մասին՚ օրինագծի ընթացքը: Նշվեց, որ օրինագիծը պատգամավորի կողմից ուղարկվել է նաև Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը:
Հարկ է նշել, որ ներկայումս Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը աշխատանքներ կտանի ՙԱնհայտ կորածի մասին՚ օրինագծի ուղղությամբ: Այդ օրինագծով լուծում կստանան անհայտ կորածների և նրանց հարազատների մի շարք իրավական ու սոցիալական խնդիրներ:
Միջոցառումը իրականացվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՙԱնհայտ կորածի մասին օրենք՚ի նախագծի ներառումը Ազգային ժողովի օրակարգում՚ ծրագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: