Ռեֆորմները, ցավոք, արդյունք չեն տալիս
09:38, May 19, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժեր, Քրեակատարողական հիմնարկներՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Մայիսի 10-11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրել է Խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում, ներկայացվել են տարբեր զեկույցներ թե քաղաքացիական ինստիտուտների, թե պետական մարմնի կողմից: Այս տարվա զեկույցներն ինչո՞վ էին առանձնանում:
Այս անգամ հիմնական առանձնահատկությունն այն էր, որ բոլոր զեկույցներում բավական մանրամասն ներկայացված էր իրական իրավիճակը, այդ թվում` ոստիկանության բաժանմունքներում բռնությունները, ՔԿՀ-ների պահման պայմանների վիճակը (հատկապես գերբեռնվածությունների հետ կապված մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը), Զինված ուժերում մահացության, ինչպես նաև բռնությունների դեպքերը: Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ պետության կողմից խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող դեպքերի վերաբերյալ քննությունը, դրանց կանխարգելումը արդյունավետ չեն: Այսինքն` պետությունը կամք չի դրսևորում կատարել խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով իր պարտավորությունները: Իհարկե, ՀՀ պաշտոնյան ներկայացնում էր, որ որոշ բաներ ընդունում է, օրինակ` ՔԿՀ-ների գերբեռնվածության հանգամանքը, ասում էր, որ փորձելու են լուծել նոր ՔԿՀ-ների կառուցման միջոցով, բայց կոնկրետ ՔԿՀ-ի հետ կապված պետությունը խուսափողական դիրքորոշում ուներ: Հարցը վերաբերում է «խոշտանգում» ձևակերպման կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արտահայտմանը Քրեական օրենսգրքում, որը որպես այդպիսին բացակայում է, և դրա համար հիմնականում հղում է կատարվում պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական լիազորությունների գերազանցում հոդվածներին: Հատուկ քննչական ծառայություն մեր ահազանգերը պայմանավորված են նրանով, որ մենք գտնում ենք, որ Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածների բացակայությունը մի կողմից չի նպաստում, որ արարքները համարժեք գնահատական ստանան, մյուս կողմից էլ հատուկ քննչական ծառայությունը պատշաճ հետևողականություն չի դրսևորում ահազանգերի կամ կոնկրետ դեպքերի վերաբերյալ:
Խոշտանգումների դեմ կոմիտեն թեև կոչ էր արել օրենսդրական փոփոխություններ կատարել, սակայն մինչ օրս օրենսդրական ոչ մի փոփոխություն Հայաստանը չի կատարել, սայլը չի շարժվում տեղից, ինչո՞ւ:
Ավելին, նույնիսկ անհասկանալի է` եթե Զինված ուժերում հրամանատարների կողմից կան բռնության դեպքեր զինծառայողների նկատմամբ, ապա ինչու պետք է այդ գործերը քննվեն ՊՆ քննչական բաժնի կողմից և ոչ նաև հատուկ ծառայության կողմից: Այսինքն` ստացվում է այսօրվա քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից պաշտոնատար անձանց կողմից, ինչպիսիք հանդիսանում են սպաները, զինծառայողների նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահման կամ պաշտոնական լիազորությունների գերազանցման հետևանքով բռնության դեպքերը չեն քննվում հատուկ ծառայության կողմից, այսինքն` այսօրվա թերի օրենսգրքով սահմանված նորմերի ոչ պատշաճ կատարումը մենք պայմանավորում ենք նրանով, որ պետությունը հետևողական չէ, կամք չի դրսևորում, և այստեղ ավելի շատ գործում է այն տեսակետից, որ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը չի գործում: Ինձ համար նույնիսկ տարօրինակ էր, որ արդարադատության նախարարի տեղակալը, որ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր, փորձում էր որոշ դեպքերում տալ ոչ համարժեք գնահատական, մասնավորապես, որ Հայաստանի Զինված ուժերում վերացել է դեդովշինան, որը չի համապատասխանում իրականությանը, այն դեռևս հաղթահարված չէ:
Փորձում են կոծկե՞լ Զինված ուժերում առկա խնդիրները:
Իհարկե: Ի դեպ, ասեմ, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի քննարկմանը զուգահեռ Եվրախորհրդի կողմից ընդունվեց բանաձեւ (ապրիլի 18-ին), որտեղ անդրադարձ եղավ խոշտանգումներին, բռնություններին, զինված ուժերում իրավիճակին, և նորից մտահոգություններ կային: Ըստ էության, քաղաքացիական ինստիտուտների կողմից ներկայացված մտահոգությունները լիովին համահունչ էին եվրոպական կառույցների կողմից առաջ քաշած մտահոգություններին: Եվ պետության ներկայացուցիչների պահվածքը խոշտանգումների կոմիտեում կարծում եմ համարժեք չէր իրավիճակին: Ընդունելու փոխարեն, որ իրապես կան անելիքներ թե օրենսդրության բարեփոխման, թե խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ կոնկրետ պրակտիկ գործողությունների առումով, եւ թե ինչ է պետությունը պատրաստվում անել այդ հարցում, ավելի շատ գնում էր իրավիճակը շեղելու, բուն իրականությունից հեռանալու մարտավարություն կամ պահվածք, որն անհասկանալի է:
Ըստ Ձեզ, վերջին շրջանում բարեփոխումների առումով որևէ դրական փոփոխություն չի՞ նկատվում Զինված ուժերում, թե՞ որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, իրականացվում են:
Եթե դիտարկենք Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության խնդիրը, ցավոք սրտի իրական որևէ փոփոխություն կամ քայլ չեմ կարող նշել: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ մահացած զինծառայողների թիվը նվազել է, բայց դեպքերը, որոնք ավարտվել են մահացության ելքով, չեն նվազել: Չեն նվազել նաև կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերը, որոնք մահվան ելքով չեն, բայց որոնք արժանապատվությունը նվաստացնող փաստեր են: Քրեակատարողական հիմնարկներում նույնպես մտահոգիչ է գերբեռնվածության գործոնը: Ճիշտ է, համաներում կիրառվեց, բայց դա էականորեն չմեղմացրեց ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը: Նույնիսկ 2008, 2009-ի համեմատությամբ 2010-ին քրեակատարողական հիմնարկների ֆրնանսավորումը նվազել էր: Այնպես որ, գործողությունների առումով որևէ դրական փոփոխություն արձանագրված չունենք: Խալաֆյանի մահվան դեպքի հետ կապված ոչ պատշաճ քննություն եղավ: Ավելին, այդ գործով այն ժամանակ Չարենցավանի ոստիկանապետի տեղակալի ենթակաների նկատմամբ մեղադրանք էր առաջադրված բռնության փաստով, որոշ ժամանակ անց այդ մարդը նշանակվում է Չարենցավանի ոստիկանապետ: Կամ քրեական գործ չի հարուցվում Սլավիկ Ոսկանյանի մահվան հետ կապված: Ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգերը պատշաճ քննության չեն առնվում ոչ միայն քննչական մարմինների կողմից, այլ հազվադեպ է լինում, որ դատարանը բռնությունների վերաբերյալ վկայություններով պատշաճ որոշում կայացնի քերական գործ հարուցելու մասին:
Պարոն Սաքունց, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դեպքերի երկրորդ պլան մղվելը: Ընտրություննե՞րն էին պատճառը:
Ցավոք սրտի, ընտրական պրոցեսներն ազդեցին այս հարցերի վրա, շեղեցին ուշադրությունը: Բայց նախընտրական շրջանում հենց “Բանակն իրականում” նախաձեռնող խումբը տարածեց հայտարարություն, որ բոլոր քաղաքական ուժերն արձագանքեն կամ իրենց դիրքորոշումները ներկայացնեն Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ, և թե ինչպես են տեսնում այդ խնդիրների լուծումը, և դա ինչքանով է իրենց նախընտրական ծրագրում ներգրավվում: Մենք տեսանք, որ, ցավոք սրտի, քաղաքական ուժերը, որոնք հավակնում են ներկայացված լինել Ազգային ժողովում, համարժեք գնահատական չտվեցին: Սա մի փոքր անակնկալ էր:
Ինչո՞ւ բաց մնաց նրանց նախընտրական ծրագրից այս կետը:
Եթե հիշենք, այն ժամանակ, երբ հանրային ուշադրության կենտրոնում էին բանակում մարդու իրավունքների վիճակի հարցերը, դարձյալ այդ հարցով ավելի շատ թեմաները օգտագործվում էին քաղաքական շահարկման նպատակահարմարությունից ելնելով, քան խնդրի բուն էությունն էր հասկացվում: Առհասարակ, մարդու իրավունքների խնդրին համարժեք ուշադրություն չդարձվեց: Բանակում մահացության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ: Հիմնական խնդիրն այն է, որ ազգային անվտանգության սինդրոմն է գործում, սակայն մարդկանց քաղաքական կամքի արտահայտությունը կլիներ հենց նույն ազգային անվտանգությունից ելնելով ոչ թե չխոսել դրա մասին, այլ խոսել և լուծումներ տալ: Ասել, որ ՊՆ-ն չի ուզում բարեփոխումներ, ճիշտ չէ, ուզում է, բայց պաշտոնական գերատեսչության բնագավառում ռեֆորմները, ցավոք, արդյունք չեն տալիս: Այստեղ քաղաքական ղեկավարության պատասխանատվության խնդիրն է: