Սառեցված հակամարտություն, առկա խնդիր. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորածների որոնման համար Կարմիր խաչը նախագիծ է մշակել
00:00, January 14, 2009 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՂարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադար հաստատվելուց 15 տարի անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտադիր է ծրագիր իրականացնել` պարզելու հազարավոր անհայտ կորածների ճակատագիրը:
ԿԽՄԿ-ի տվյալներով` ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների ընդհանուր թիվը (հայ և ադրբեջանցի) կազմում է 4-5 հազար մարդ, որոնց մեծ մասը տղամարդ զինծառայողներ են:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսը կարծում է, որ, հաշվի առնելով ժամանակի գործոնը, նրանց մեծ մասն արդեն հավանաբար ողջ չէ:
«Նախագծի իրականացումը հնարավորություն կտա ունենալ ավելի ճշգրիտ և լայն պատկեր առաջին հերթին անհայտ կորածների ցուցակի առնչությամբ, որոնց մասին մենք արդեն ունենք որոշակի տեղեկատվություն, ինչպես նաև ստանալ նոր տվյալներ»,- ասաց Ռեյնոլդսը «ԱրմենիաՆաուին»:
2008 թ. ԿԽՄԿ-ն Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնախմբերի հետ ստորագրել է սխեմատիկ համաձայնագիր, որը կոչված է կարգավորելու հակամարտության տարիներին անհայտ կորած մարդկանց ճակատագիրը պարզելու գործընթացը:
Ըստ համաձայնագրի`գրանցված տվյալները, այդ թվում` լուսանկարներ, անհայտ կորածի արտաքին տեսքի նկարագրությունը, կորչելու պահին նրա հագին եղած հագուստի, անձնական իրերի նկարագրությունը, կհանձնվեն իշխանություններին, որպեսզի դրանք հետագայում օժանդակեն անձը հաստատելու գործընթացին:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, որը երկար տարիներ փորձագիտական մակարդակով զբաղվել է պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով, ողջունում է նախագծի իրականացման մեկնարկը, թեև կարծում է, որ այս աշխատանքը շատ ավելի վաղ պետք է սկսվեր:
«Համոզված եմ, որ սրան նախկինում խոչընդոտում էր Ադրբեջանը,- ասում է նա: – Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու առաջարկությամբ: Օրինակ` 2004 թ. Ժնևում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր անհայտ կորածների խնդրին, ես հանդես եկա առաջարկությամբ` համագումարի վերջում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքել անհայտ կորածներին փնտրելու և նրանց ճակատագիրը պարզելու գործընթացին առնչվող համաձայնագիր: Սակայն, Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ ինքը նման իրավասություն չունի: Հետագայում մենք այդպես էլ Ադրբեջանից համապատասխան արձագանք չստացանքե,- ասում է Ալավերդյանը, ով 2004 թ. փետրվարի վերջին նշանակվեց Հայաստանի առաջին օմբուդսմե»:
«Ընդդեմ իրավական կամայականության դեմ» ՀԿ հիմնադրամի (որի գործադիր տնօրենն Ալավերդյանն էր) ցուցակների համաձայն` մոտ 1000 անհայտ կորած հայ կա:
«Անհայտ կորած հայերի և ադրբեջանցիների թվի միջև եղած տարբերությունը առաջին հերթին արտացոլում է ռազմական գործողությունների մեջ ներգրավված ուժերի ընդհանուր հարաբերակցությունը,- ասում է Ալավերդյանը: – Բացի այդ, կան բազմաթիվ վկայություններ, որոնք ապացուցում են, որ հայ դաշտային հրամանատարները կոնկրետ ճակատամարտի ավարտից հետո դիմում էին ադրբեջանական կողմին` իրենց զոհվածների դիակները ռազմադաշտից վերցնելու խնդրանքով, ինչը պահանջում են Ժնևյան կոնվենցիաները: Սակայն ադրբեջանցի հրամանատարները այդպես չէին վարվում:
Փոխարենը` զոհված զինվորներին և սպաներին նրանք հայտարարում էին ռազմագերիներ կամ անհայտ կորածներ` այն հետագայում օգտագործելով (և կարող եմ մինչև այժմ ասել) քաղաքական չարաշահումների նպատակով»:
Ալավերդյանը կարծում է, որ ռազմական գործողությունների գոտում նման մոտեցման պատճառով այսօր զանգվածային անանուն թաղումների բազմաթիվ վայրեր կան, և հենց այդ պատճառով Ադրբեջանին ձեռնտու չէ թաղվածների մնացորդների ինքնության հաստատման գործընթացը:
Նախագծի շրջանակներում տվյալների հավաքումը և գրանցումն արդեն սկսվել են:
Ռեյնոլդսի խոսքով` աշխատանքը դժվար է հոգեբանական տեսանկյունից, քանի որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները գործ ունեն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ ոչ մի տեղեկություն չեն ստացել իրենց հարազատներից: Անհրաժեշտ է լինում արթնացնել նրանց հիշողությունը, մտովի կրկին վերադառնալ անցյալ:
ԿԽՄԿ-ի համար որոնման հիմք է անհայտ կորածի ընտանիքի անդամների իրենց դիմելը: Նույնիսկ եթե համապատասխան պետական հանձնախումբը հայտարարում է որևէ դեպքի մասին, որի ընթացքում մարդիկ անհայտ կորել են, այն չի գրանցվում և գործը չի բացվում` առանց ընտանիքի անդամների հետ համապատասխան զրույցի:
«Վաղեմությունը մեզ համար նշանակություն չունի: Կարող եմ ասել, որ մինչև օրս լինում են դեպքեր, երբ պարզվում է մեկի ճակատագիրը, ով անհայտ կորել էր Երկրորդ համաշխարհային, Վիետնամի կամ որևէ այլ պատերազմի ժամանակ: Հուսով ենք, որ մեր նախագծի իրականացման ընթացքում, հարազատներից հարցազրույցներ վերցնելիս նախկինում գրանցված դեպքերի առնչությամբ նոր մանրամասներ ի հայտ կգան»:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում աճյունի մնացորդների արտաշիրմման գործընթացը, որը նույնպես անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մեխանիզմներից, ըստ Ռեյնոլդսի` դեռ չի սկսվել:
«Պետք է հաշվի առնել, որ բացի այդ ամենից, արտաշիրիմումը նաև տեխնիկական առումով դժվար է: Կան նաև բարոյական և իրավական բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են եղբայրական գերեզմանները բացելուն կամ այլ երկրի քաղաքացիների աճյունների մնացորդների արտաշիրիմումը, ինչն անխուսափելի կլինի նաև մեր դեպքում»:
ԱՂԲՅՈՒՐԸ`
Մարինա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3492&CID=3352&IID=1217&lng=arm#comments