Սխալ մոտեցում հոգեկան հիվանդների նկատմամբ. Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդները բողոքում են վատ վերաբերմունքից
00:00, July 28, 2008 | Պացիենտների իրավունքներՎանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդները, անկեղծանալով իրավապաշտպան կազմակերպության անդամների առջև, պատմել են իրենց ծեծելու ու բռնությունների դեպքերի մասին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպումներում դիսպանսերում բուժվող հիվանդները մատնանշել են բուժակների և սանիտարների վարքի, անհարգալից ու անմարդկային վերաբերմունքը:
Անցկացված ուսումնասիրության արդյունքներին նվիրված զեկույցում կազմակերպությունը, վերլուծելով դիսպանսերի խնդիրները, զեկույցն ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն, որն էլ Լոռու մարզպետին առաջարկել է քննության առնել բարձրացված հարցերն ու լուծում տալ դրանց:
Դիսպանսերը սպասարկում է Լոռու մարզին՝ արտահիվանդանոցային հսկողություն սահմանելով մոտ 5000 հիվանդի նկատմամբ: Հոգեբուժական բաժանմունքում բուժվում է 24 հիվանդ: Նրանց խնամում են երկու հոգի` բուժքույրը և սանիտարը: Դիսպանսերը ունի 44 աշխատող (նրանց նվազագույն աշխատավարձը 60,000-70,000 դրամ է (200-230 դոլար):
Կազմակերպության ուսումնասիրություններն առնչվում են հոգեբուժարանի կենցաղային պայմաններից մինչև հիվանդների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին:
Հիվանդներից մեկը բողոքել է, որ իրեն ծեծում են: Սանիտարներին ու բուժակներին բնութագրելիս հիվանդները պատմել են մի քանի դեպքեր, երբ մի քանի աշխատող հարձակվել են իրենց վրա, գետնին տապալել և հարվածել ոտքերով:
Առավել ագրեսիվ հիվանդներին, զեկույցի համաձայն, 24 ժամ սավաններով մահճակալին կապկպում են:
Հանգստացնող-զսպող միջոցները, որոնք կիրառվում են սուր արտահայտվող խանգարում ունեցող հիվանդին հանգստացնելու համար, հաճախ չարաշահվում և կիրառվում են ավելի երկար:
Դիսպանսերի տնօրեն, Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանը համաձայն չէ կազմակերպության դիտարկումներին:
Նա պատմում է, որ երբ հիվանդն ագրեսիվ է, նրան, բժշկի նշանակմամբ, այսպես կոչված, ֆիքսում են անում՝ կապում են մահճակալից:
«Դա կարող է տևել 10-15 րոպե, բայց ոչ 24 ժամ, ինչպես գրել է կազմակերպությունն իր զեկույցում»,- ասում է Քալանթարյանը, ով հոգեկան հիվանդին մահճակալից 24 ժամ կապելը համարում է անթույլատրելի, որը կարող է մահվան պատճառ դառնալ:
«Եթե հիվանդը գրգռված է, ու պետք է հանգստացնել, մի՞թե ձեռքերից ու ոտքերից բռնելն ու դեղ ներարկելը խոշտանգում է, դա օգնություն է»,- Քալանթարյանի հետ համակարծիք են աշխատողները:
Հիվանդները բողոքել են նաև, որ այնպիսի արտոնություններ, ինչպիսին են զբոսանքը կամ ռադիո ունենալը, չարաշահվում են: Նրանք ասում են նաև, որ իրենց վատ են կերակրում:
Ժաննան հոգեբուժարանում է արդեն երեք տարուց ավելի: 25 տարեկան աղջկա հիվանդությունը մոտ տասը տարվա պատմություն ունի՝ շիզոֆրենիա:
Ժաննան սակավախոս հիվանդներից է, բայց ասում է, որ չի բողոքում բժիշկներից՝ իրեն լավ են վերաբերվում: Թեև չդժգոհեց, թե քաղցած է, բայց ներկայացրեց այդ օրվա կերածը. նախաճաշին՝ մակարոնով փլավ երկու կտոր հացով, ճաշին՝ ոլոռով և մակարոնով ապուր, կաղամբի աղցան: Հիշեց, որ մի անգամ էլ սուրճ է խմել:
Ընթրիքի սեղանը դիսպանսերում սովորաբար կազմում են բուլկին ու թեյը, որը, հիվանդների ասելով, հիմնականում անգույն է:
Ժաննան չէր հիշում, թե երբ է վերջին անգամ մսեղեն, մսով ապուր, միրգ կերել: Դիսպանսերի տնօրեն Քալանթարյանը թեև ասում է, թե պանրի խնդիր չունեն՝ «տարին 12 ամիս պանիր ունենք», բայց Ժաննան կերակրացանկի մասին խոսելիս այդպես էլ պանրի անուն չտվեց:
Հոգեկան հիվանդ 29-ամյա Մանվելի (դիսպանսերում կանոնավոր բուժվում է) ծնողներն ասացին, որ ընդհանուր առմամբ գոհ են հիվանդանոցային պայմաններից: Շիզոֆրենիայից տառապող մեկ այլ կնոջ ծնողներ պատմեցին, որ տանն էլ ագրեսիվության դեպքում նրանք նույնպես հիվանդի ձեռքերը կապել են մահճակալից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարծում է, որ ՀՀ-ում հոգեկան հիվանդների սննդակարգի չափանիշները մշակված չեն:
Մի հիվանդի սննդի օրական ծախսը չի գերազանցում 500 դրամը (ավելի քան 1.5$):
«Սննդակարգի մեջ, իհարկե, փորձում ենք ապահովել կալորիականությունը, բայց մենք հաշվի ենք առնում գումարը»,- ասում է Քալանթարյանը: Դիսպանսերի տարեկան բյուջեն կազմում է մոտ 47 միլիոն դրամ (151.612$), որի 70 տոկոսը բաժին է ընկնում աշխատակազմին, մնացածը՝ սննդի ու պահպանման ծախսերն են: Քալանթարյանն ասում է, թե իրենք փորձում են ապահովել հիվանդին անհրաժեշտ նվազագույն կալորիան, բայց ստիպված են հաշվի առնել նաև սննդի քանակը, ինչը բավարար չէ:
Քալանթարյանը համաձայն չէ նաև կենցաղային պայմանների վերաբերյալ զեկույցում մատնանշված դիտարկումների հետ:
«Այստեղ բուժվում են սուր խանգարումներ ունեցողները, որոնք կարող են վնասել կամ իրենց, կամ շրջապատին, այդ պատճառով սենյակներում չկան աթոռ, սեղաններ, սանհանգույցում՝ սրբիչ, օճառ և զուգարանի թուղթ»:
Քալանթարյանն ասում է, որ հոգենյարդաբանական դիսպանսերները դեռևս աշխատում են խորհրդային չափանիշներով, որոնցով հիվանդի անվտանգությունը սահմանելիս հաճախ նրանց զրկում են այս կամ այն միջոցից:
Զեկույցում նշվում է, որ «Հոգեկան խանգարումով տառապող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման մասինե ՄԱԿ-ի 1991թ. 46/119 բանաձևը կիրառելու մեխանիզմներ հայաստանյան օրենսդրությունը չի սահմանում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս ոլորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մշակել նոր քաղաքականություն` համակողմանի մոտեցումներով:
«Բացի հոգեբուժարանում բուժումից, պետք է լինի նաև վերականգնողական կենտրոն, որտեղ հոգեկան հիվանդները կարող են շարունակել իրենց բուժումը»,- ասում է Արթուր Սաքունցը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3226&lng=arm&IID=1197&CID=3090#comments
Նաիրա Բուլղադարյան
«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից