Վահան Խալաֆյանի գործը
00:00, April 25, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | ՈստիկանությունՆախաքննական մարմինը բացառել է սպանության վարկածը, ինչով և փակվել է օբյեկտիվ քննության ճանապարհը
Ոստիկանության բաժին բերման ենթարկված և ժամեր անց մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի քրեական գործով դատաքննությունն առաջին ատյանի դատարանում ավարտվեց հօգուտ Ոստիկանության առաջ քաշած «ինքնասպանության» վարկածի:
Անցած տարվա նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված համարեց ինքնասպանության վարկածը և 8 տարվա ազատազրկման դատապարտեց Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, ում ներկայացվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը:
Ըստ պաշտոնական վարկածի նրա կիրառած բռնությունների հետեւանքով է Վահան Խալաֆյանը ինքնասպան եղել:
Սակայն դատարանի այս որոշումը չփոխեց տուժող կողմի և հանրության մեջ ձևավորված այն համոզմունքը, թե ոստիկանության բաժանմունքում տեղի է ունեցել սպանություն, հատկապես, որ ավելի քան 5 ամիս տևողությամբ այս դատավարությունն ընթացավ սենսացիոն հայտարարություններով ու անսպասելի բացահայտումներով:
Ավելին, դատաքննության ավարտից հետո Հարությունյանի ծնողները դիմեցին գլխավոր դատախազություն` նշելով, որ իրենց որդին «քավության նոխազ դարձվեց և դատապարտվեց ուրիշի գործած մեղքի համար»:
«2010-ի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանին ծեծի է ենթարկել ու մահվան հասցրել ոչ թե քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, այլ նույն բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը». – նշվում է դատախազությանն ուղղված դիմումում, սակայն պատասխան չտրվեց այս դիմումին:
Դեպքից հետո Ոստիկանության Չարենցավանի բաժնում կադրային փոփոխություններ արվեցին` աշխատանքից հեռացվեց պետը, մի քանի աշխատակիցների տեղափոխեցին, սակայն իր տեղում մնաց օպեր գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը, ում անունի հետ է կապվում Վահան Խալաֆյանի մահվան դեպքը և ով այդ օրը ղեկավարել է գողության բացահայտման օպերացիան:
Գործով որպես վկա անցնող Սամվել Տոնոյանի անվան շուրջ դատաքննության ընթացքում հասունանում էին խոսակցություններ, սակայն դատարանի դահլիճում այդպես էլ որևէ մեկը նրա հասցեին կոնկրետ մեղադրանքներ չհնչեցրեց:
Տոնոյանն` ինքը մեր հետ զրույցում բացառեց իր մասնակցությունը իր ենթակայության տակ գտնվող բաժնում տեղի ունեցած մահվան դեպքին. «Թող գրեն, ում ուզում են թող դիմեն, եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն, իմ խիղճը մաքուր է»:
Մահվան այս դեպքը ոստիկանության բաժնում տեղի էր ունեցել 2010թ. ապրիլի 13-ին, երբ գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման էին ենթարկել թվով 6 անձանց, որոնց, ինչպես հետագայում պարզվեց խոշտանգումների էին ենթարկել, սակայն նրանցից մեկի` Վահան Խալաֆյանի համար այն ճակատագրական եղավ:
Դեպքից հետո ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որի համաձայն Վահան Խալաֆյանը «գտնվելով ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում` պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք»:
Առաջ քաշված այս վարկածը արժանացավ նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրապարակային պաշտպանությանը, ով հայտարարեց, թե ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանին շատ հանգիստ հարցաքննել են եւ որեւէ բռնություն նրա նկատմամբ չի կիրառվել։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որևիցե մարմնական վնասվածք նրա վրա չկա, որևիցե ոստիկան նրա վրա ձեռք չի բարձրացրել, չի վիրավորել և չի հարվածել», դեպքից երկու օր անց լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալիկ Սարգսյանը, սակայն ավելի ուշ` դատաբժշկական եզրակացության հրապարակումից հետո ոստիկանապետը ներողություն խնդրեց Խալաֆյանի հարազատներից իր հայտարարության համար:
24-ամյա երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նկարագրված են այն բազմաթիվ վնասվածքները, որոնք Վահանը ստացել է մահվանից անմիջապես առաջ, ինչը վկայում է այն մասին, որ նրան ոստիկանությունում ուղղակի տանջանքների են ենթարկել:
Վահան Խալաֆյանի հարազատները համաձայն չեն հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության այն հետևության հետ, որով չի բացառվում, թե երիտասարդը ինքնասպան է եղել:
Մահացած երիտասարդի մոր խոսքերով, որդու կրծքավանդակին սուր գործիքով արված խաչաձեւ կտրվածքներ են եղել, որովայնի շրջանում 2 անցք է եղել, իսկ ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով։ Մայրը վստահ է, որ իր որդուն ոստիկանությունում ուղղակի խոշտանգնել ու սպանել են։
«Դանակով խաչ են արել դոշին, երկու հատ էլ փորն է մտցրած,- հուզված պատմում էր մայրը, – Թող իմ երեխան գող լիներ, տանեին նստացնեին, ոչ թե սպանեին, դիակը բերեին տանս մեջ դնեին: 2-3 հոգով կանգնել են, մինչեւ երեխաս արյունաքամ է եղել»:
Ինքնասպանության վարկածը բացառելուց բացի, Վահանի հարազատները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ, ըստ մատնադրոշմային փորձաքննության եզրակացության, այն դանակի վրա, որով հասցրած հարվածներից մահացել է Խալաֆյանը, եղած մատնահետքերը «նույնականացման ենթակա չեն»: Սա նույնպես, ըստ Վահանի հարազատների, խիստ կասկածելի է:
«Սա այն գործն է, որ այսօր մեր ընտանիքի հետ է եղել, վաղը հնարավոր է մյուսների հետ պատահի: Դրա համար պիտի մոբիլիզացվի ջանքերը և ճշմարտությունը բացահայտվի…», – մտահոգված ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հմայակ Խալաֆյանը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից դեպքի առթիվ 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/:
Մահվան այս դեպքի համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակիցների, որոնցից հիմնական մեղադրյալը Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Աշոտ Հարությունյանն էր, ով մեղադրվում է Քր.օր 309 հոդվածի 3-րդ մասով. «պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Մյուս 3 ոստիկանության աշխատակիցները` օպերլիազորներ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը եւ Մորես Հայրապետյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ պաշտոնական վարկածի այս երեք ոստիկանները Վահան Խալաֆյանի ինքնասպանության պահին նրա հետ միաժամանակ գտնվել են նույն սենյակում, սակայն չեն կարողացել կանխել նրա ինքնասպանության տանող գործողությունները:
Այս անձինք էին, որ դատարանում պետք է ներկայացնեին մանրամասներ մահվան հանգամանքների վերաբերյալ, պատմել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել այդ սենյակում, սակայն նրանք անգամ չկարողացան ներկայացնել նախաքննության ներկայացրած վարկածը: Դատարանում նրանց խոսքը կցկտուր էր և հակասական:
Դատավոր Մեսրոպ Մակյանի հրապարակած դատավճռով երկու տարվա փորձաշրջանով պայմանական ազատազրկման դատապարտվեց նույն գործով մեղադրվող օպերլիազոր Մորես Հայրապետյանը, իսկ մյուս երկու օպերլիազորները արդարացվեցին, ինչին բուռն արձագանքեց դատարանի դահլիճը:
Աշոտ Հարությունյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում հայտարարեց ու պնդեց, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Ավելին, նա կատարվածին «անզգույշ սպանության» որակումը տվեց:
«Ինքնասպանություն չի եղել: Ինքնասպանության գնացողն իրեն դանակով հարվածելուց առաջ շորը չէր բարձրացնի, երկու անգամ իրեն չէր խփի` մեկը երեք, մյուսը 12 սանտիմետր խորությամբ: Ոչ ոք դրան ուշադրություն չի ուզում դարձնել», – դատաքննության ընթացքում բազմիցս հայտարարեց Աշոտ Հարությունյանը:
Պնդելով, թե անհնար է, որ Վահան Խալաֆյանը ոստիկանների ներկայությամբ կարողանար դանակ փնտրել, գտնել ու ինքնասպան լինել` Հարությունյանը մեղադրող կողմի ուշադրությունը հրավիրում էր հանգամանքի վրա, որ եթե տեղի ունեցածը ինքնասպանություն լիներ, ապա դանակի վրա պետք է անպայման մնային հանգուցյալի մատնահետքերը:
Աշոտ Հարությունյանը դատարանում ցուցմունք տվեց, որ դանակը, որով, իբր, Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել, դեպքից անմիջապես հետո տեսել է օպեր լիազոր Մորես Հայրապետյանի ձեռքին: Այս մեղադրանքներին օպեր լիազորն այդպես էլ չարձագանքեց` լռություն պահպանելով մինչև դատաքննության ավարտը:
«Ամբողջ կեղտը չեմ վերցնի վրաս»,- դատաքննության ընթացքում ասում էր Աշոտ Հարությունյանը` ակնարկելով ոստիկանությունում տեղի ունեցածը, սակայն նա իր ցուցմունքները չհասցրեց տրամաբանական ավարտին և այլևս չխոսեց, թեև նրա ծնողներն անգամ դատական նիստերի ընթացքում հորդորում էին պատմել «ամեն բան»:
Հարությունյանի պնդմամբ, իր բաժնի նախկին աշխատակից, ամբաստանյալ Մորես Հայրապետյանը սուտ ցուցմունք է տվել իր դեմ(նրա ցուցմունքների հիման վրա են մեղադրանք առաջադրել, թե Հարությունյանը ծեծի է ենթարկել Խալաֆյանին, ինչից հետո էլ Վահանը ինքնասպան է եղել):
«Դրանով նա կոծկել է այն հանգամանքը, որ ինքը իր գործողություններով մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Ես ասում եմ` անզգուշությամբ մահ է պատճառել ոստիկանը քաղաքացուն իր անփույթ գործողությունների հետեւանքով»:
Հարությունյանի համոզմամբ, իր դեմ ցուցմունք տալով Հայրապետյանը գործարքի է գնացել Հատուկ քննչական ծառայության հետ` իրականությունը թաքցնելու նպատակով և նույնպիսի գործարքի մեջ են մտել նաեւ իր հետ`առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:
Քրեական հետախուզության նախկին պետը դատարանում պատմեց, որ ինքը աղմուկ է լսել այն սենյակից, որտեղ գտնվում էր Խալաֆյանը եւ գնացել է այնտեղ. «Երբ մտա աշխատասենյակ, աթոռները խառնված էին, գետնին ընկած մի աթոռ կար: Սա վկայում է այն մասին, որ այդտեղ քաշքշուկ ու պայքար է եղել»:
Նրա վկայությամբ այդ սենյակ մտել էր նաև Սամվել Տոնոյանը, սակայն մյուս երեք ոստիկաններն իրենց ցուցմունքներում այդ մասին որևէ խոսք չասացին և այս հարցը դուրս մնաց դատարանի ուշադրությունից:
«Սրանով դուք փորձում եք ոստիկանության հեղինակությունը փրկեք… Եկեք իրականությունը բացահայտեք: Դուք էլ եք սարսափում այդ գաղափարից, որ ոստիկանությունում ոստիկանի ձեռքով մարդ է մահանում», – դատարանում հայտարարեց Աշոտ Հարությունյանը:
Ոստիկանության առաջ քաշած այս վարկածը դատարանում պաշտպանող գլխավոր դատախազության ներկայացուցիչները, անկախ այն բանից, որ դատարանում հնչեցին պաշտոնական վարկածը մերժող ցուցմունքներ, միևնույն է, քայլեր չձեռնարկեցին դրանց իսկությունը ստուգելու կամ հաստատելու ուղղությամբ, այլ` մինչև վերջ պնդեցին, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է:
«Գործիք են դարձրել և տուժողի իրավահաջորդին, և ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, իրենց նպատակներն իրականացնելու համար», հայտարարեց մեղադրողը` ակնարկելով դատավարությանը հետևող իրավապաշտպան կազմակերպություններին:
Անկողմնակալ և թափանցիկ քննություն անցկացնելու կոչով հանդես էին եկել նաև հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները (Human Rights Watch, FIDH)`գլխավոր դատախազությանը հորդորելով օրենքի ողջ խստությամբ պատժել նրանց, ովքեր պատասխանատու են երիտասարդի մահվան համար:
Դատավարության ընթացքում մեղադրող Կորյուն Փիլոյանը ուղղակի հարցադրումներով էլ դիմեց Աշոտ Հարությունյանին` «Ասելու բան ունեք` ասեք», սակայն վերջինս անհաղորդ մնաց ու ավելին չասաց:
Աշոտ Հարությունյանի կինը` Արաքս Մկրտումյանը մեր հարցերին ի պատասխան հայտարարեց, որ իր ամուսնուն սպառնացել և նախազգուշացրել են, որ եթե շարունակի հայտարարություններ անել դատարանի դահլիճում, ապա իրեն կտեղափոխեն Ազգային անվտանգության մեկուսարան:
«Աշոտ Հարությունյանի նկատմամբ տարվել է կանխակալ քննություն, ինչը արգելք է հանդիսացել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները օբյեկտիվորեն բացահայտելու համար: Նախաքննական մարմինը բաց է թողել այնպիսի կարևոր հանգամանքներ , ինչպիսին դեպքի կատարման բուն նկարագիրն է,- ասում է Աշոտ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը,- Այն հույսը, թե հնարավոր է դատարանում նոր հանգամանքներ ի հայտ գան, չարդարացան»:
Փաստաբանի կարծիքով, նախաքննական մարմինը հենց սկզբից բացառել է սպանության վարկածը, ինչով և փակել են օբյեկտիվ քննության ճանապարհը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը համադրելով փորձաքննությունների արդյունքներն ու դատարանում ձեռք բերված ապացույցները, բավական պատկերավոր ներկայացրեց մահվան սենյակում տեղի ունեցածը`սպանության կատարման մեջ մեղադրելով Մորիս Հայրապետյանին, ապա միջնորդեց դատարանին վերաորակել ու նոր մեղադրանք առաջադրել վերջինիս:
Զեյնալյանն ասաց, որ իր պնդումը հիմնավոր է, եւ մեկ ապացույց կա, որ ոստիկանության քրեական հետախուզություն բաժանմունքի նախկին պետը իր ցուցմունքում նշել է, թե դեպքից հետո դանակը տեսել է Մորես Հայրապետյանի ձեռքին:
Մինչ Աշոտ Հարությունյանին ձերբակալելը ավելի վաղ նույն մեղադրանքն առաջադրվել էր Մորես Հայրապետյանին և երբ վերջինս ցուցմունքներ է տվել Աշոտ Հարությունյանի դեմ, նրա նկատմամբ խափանման միջոցն ու մեղադրանքի որոշումն անմիջապես փոխվել էր և նա հայտնվել է ազատության մեջ` ստորագրություն տալով քաղաքից չբացակայելու մասին:
Հայրապետյանը ամբաստանյալներից միակն է, ով իրեն մեղավոր է ճանաչել եւ օգնել է նախաքննական մարմնին մեղադրանքը կազմելիս:
Խալաֆյանների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատարանին քննչական փորձարարություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց, որի նպատակն էր պարզել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները, թե արդյոք հնարավոր էր ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների ներկայությամբ փակ պահարանից վերցնել դանակը, երկու անգամ քերծվածք առաջացնել սեփական մարմնի վրա, ապա նախ երեք և 12 սմ խորությամբ մտցնել սեփական մարմնի մեջ, իսկ հետո դանակը հանել ու գցել:
Արտակ Զեյնալյանը պնդում էր, որ քննչական փորձարարությանը կարող են մասնակցել գործով ոչ շահագրգիռ անձինք, և այն արդյունավետ կարող է լինել հանցագործության բացահայտման համար:
Մեղադրող մերժեց նման փորձարարության անցկացումը` պատճառաբանելով, թե այն իրենից վտանգ է ներկայացնում: Եվ չնայած ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց փորձարարության ժամանակ ստանձնել այն գործողությունները, որոնք, ըստ գործի նյութերի, կատարել է Վահան Խալաֆյանը, մասնավորապես, ով պիտի վերցնի դանակը և պահի իր մարմնի վրա, սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը:
Դատավոր Մակյանը մերժեց նաև ոստիկանության Չարենցավանի օպեր գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանին դատարան հրավիրելու և լրացուցիչ հարցաքննություն կատարելու մասին Արտակ Զեյնալյանի և փաստաբան Սեդա Սաֆարյանի հիմնավորումները:
«Դատարանը ոչնչով չի տարբերվում մեղադրող կողմից, անկողմնակալ չէ, ամեն գնով աշխատում են մեղադրանքը պահել և դրան հակասող որևէ ապացույցներ չընդունել, որպեսզի իրականությունը չբացահայտվի”, հայտարարեց քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետը:
Արտակ Զեյնալյանը դատարանին միջնորդեց նաև վերաորակել Աշոտ հարությունյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանում չի հիմնավորվել, թե նա է ծեծի ենթարկել Վահան Խալաֆյանին: Ըստ դատարանում վկայություն տված ոստիկանների քրեական հետախուզության նախկին պետը միայն մեկ ապտակ էր հասցրել Վահան Խալաֆյանին:
Խալաֆյանի հարազատներին զարմացնում է, որ գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ Չարենցավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Սամվել Տոնոյանը:
«Տոնոյանի` որպես բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի ենթակայության տակ է գտնվում քրեական հետախուզության բաժանմունքը, բայց չգիտես ինչու նա այսօր ընդամենը վկայի կարգավիճակում է և չի բարձրացվում նրա պատասխանատվության հարցը», – բողոքում է տուժող կողմը, ով համոզված է, որ ինքնասպանության վարկածը դատարանում չհաստատվեց:
Պաշտոնական վարկածը , թե ծեծվելուց հետո Խալաֆյանն ինքնասպան է եղել, կասկածի տակ դրեց նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով պնդում էր, որ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները քննող քննիչները շրջանցել են ավելի բարձր պաշտոնյաների պատասխանատվության հարցը:
«Նախաքննական մարմինը շտապել է ինքնասպանություն որակել։ Եթե տուժող կողմը սպանության վարկած է առաջ տանում, ապա նախաքննական մարմինը պիտի քննություն տաներ», – ասում է պաշտպանը։
Օմբուդսմենի տարեկան զեկույցի համաձայն, Ոստիկանության համակարգի դեմ ուղղած քաղաքացիների դիմում-բողոքները նախորդ` 2009-ին զգալիորեն աճել են: բողոքները վերաբերում են «Ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն և անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորված անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին»:
Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր զեկույցում արձանագրում է, որ «խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքներով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը հասնելը մեր իրականության մեջ գրեթե անհնար է, քանի որ Ոստիկանությունը քաղաքացիների ներկայացրած փաստերը մշտապես համարում է իրականությանը չհամապտասպանող եւ ահիմն:
Նույն ապրիլի 13 –ի օրը մեր հետաքննության արդյունքներով Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը լքել են Հայաստանը։ Այս անձինք կարեւոր վկաներ էին ոստիկանության բաժնում բռնության հետեւանքով մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով:
Մինչեւ Հայաստանից մեկնելը երիտասարդները Խալաֆյանի մահվան առթիվ Չարենցավան մեկնած իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատմել են, որ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ լսել են, թե ինչպես են ոստիկանները հարեւան սենյակում ծեծի ենթարկում Վահան Խալաֆյանին։
Մեր հետաքննությամբ պարզվել է նաև, որ նրանք Հայաստանից հեռացել են ոստիկանների հորդորով: Երիտասարդները իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատմել են, որ եթե մեղքը չընդունեն, ապա իրենց նկատմամբ սեռական բռնություն կգործադրվի և համապատասխան կադրերը տարածելուց հետո, նրանք այլևս չեն կարողանա ապրել:
«Այլ կերպ ասած, երիտասարդներն անմարդկային խոշտանգումների ենթարկվելու պայմաններում ինչ-որ թղթեր են ստորագրել եւ հայտնի չէ` իրականում նրանցից ով է գողության հետ առնչություն ունեցել, իսկ ով` ոչ», ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանություն է տեղի ունեցել, եւ դրա կատարողը ոստիկանության աշխատակիցներ են եւ այսօր ոստիկանությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ փորձում է կոծկել տեղի ունեցածը», համոզված է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Մինչև այսօր որևէ մեկը պատասխանատվություն չի կրել 2007 թվականին ոստիկանության շենքում տեղի ունեցած Լեւոն Գուլյանի մահվան համար: Քրեական գործը շարունակում է պտտվել դատական տարբեր ատյաններում: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության գլխավոր քննչական բաժնում և պաշտոնապես ներկայացվեց, թե իբր նա ցանկացել էր երրորդ հարկի պատուհանով փախչել, բայց վայր է ընկել եւ մահացել:
Քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում «ինքնասպանության» օգտին հայտարարություններով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազն ու ոստիկանապետը, ինչպես նաև գլխավոր քննչական վարչության պետը: Իրավապաշտպանները պաշտոնատար անձանց հայտարարությունները գնահատում են որպես ուղղակի ճնշում դատական գործի նման ելքի համար:
«Դատարանն իր կայացրած դատավճռով լեգիտիմացրեց խոշտանգումները ոստիկանության բաժանմունքներում», դատարանի հրապարակած վճռից հետո հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right46908.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop)