Վերահսկողության մեխանիզմի ձևավորումը զորակոչի ընթացքում
00:00, March 30, 2009 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2009թ. մարտի 20-ին Վանաձորի «Լոռի ԹիՎի» հեռուստաընկերությունում կայացավ 2008թ-ի աշնանային եվ գարնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զորակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին նվիրված չորրորդ ամփոփիչ հեռուստաեթերը:
Այս հեռուստաեթերի ընթացքում նախատեսվում էր ամփոփել
«Քաղաքացիական վերահսկողության ձևավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ արդյունքները:
Եթերի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց զորակոչի մոնիթորինգի ամփոփ նկարագիրը: Նշեց, որ ծրագրի շնորհիվ որոշակիորեն ձևավորվել է քաղաքացիական վերահսկողության մեխանիզմը. մշակվել են գործիքները, փորձարկվել դրանց արդյունավետությունը: Առկա է համակարգված մոտեցում, այն է` իրավական աջակցություն, հարցազրույցներ, որոշակի դիմումների վերաբերյալ համապատասխան հղումներ նախարարությանը, որը որոշակի համագործակցություն է հանդիսանում պաշտպանական գերատեսչության հետ, քննարկումներ՝ զորակոչի մոնիթորինգի արդյունքները ներկայացնելու նպատակով:
Ծրագրի ղեկավարը ընդգծեց, որ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար պետք է նաև զորակոչիկների եվ նրանց հարազատների շրջանում ստեղծել փոխվստահություն, ինչը հնարավոր է համակարգը ավելի պարզ, կանխատեսելի եվ մատչելի դարձնելու միջոցով:
«Վերահսկողության նպատակն է հասնել նրան, որ որևիցե մի քաղաքացու իրավունքը և պարտականությունների կատարումը չոտնահարվի, այդ առումով բավականին աշխատանքներ կան կատարելու»- ընդգծեց նա եթերի ժամանակ:
Խոսվեց այն մասին, որ աշնանային զորակոչի ընթացքում կազմակերպություն դիմած 5 քաղաքացիներ են հետամուտ եղել իրենց իրավունքների պաշտպանությանը:
Ըստ Ա. Սաքունցի՝ բավական մեծ է մտահոգությունը առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների վերաբերյալ:
Հեռուստադիտողներին ներկայացվեց մոնիթորիգի արդյունքները, մասնավորապես այն, որ բավականին ցածր է զորակոչիկների իրազեկման մակարդակը զորակոչի բոլոր փուլերում, մեծ է զորակոչիկներից պահանջվող փաստաթղթերի ցանկը և այն փաստը, որ բուժզննության եզրակացությունները չեն տրամադրվում զորակոչիկներին, հետեւաբար նրանք հնարավորություն չեն ունենում բողոքարկել:
Ներկայացվեց նաև այն, որ Պաշտպանության նախարարության կողմից արձագանքները ավելի բարյացակամ են եղել, հետեւաբար արդեն կա մեծ առաջընթաց հասարակական կազմակերպություն-պաշտպանության նախարարություն համագործակցության տեսակետից, որը բավականին լավ հիմք է գործընկերային հարաբերություն ստեղծելու համար: «Ուժային կառույցները պետք է լինեն հաշվետու քաղաքացիական հասարակությանը, սա մեր զարգացման երաշխիքներից մեկն է»,- կարեւորեց Արթուր Սաքունցը:
Եթերի վերջում ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը չի ընդդիմանում, որպեսզի ստեղծվի նման ինստիտուտ, քանի որ ինքն իր ներսում կրում է որոշակի բարեփոխումներ: Քաղաքացիական վերահսկողությունը չի ներառում միայն զորակոչի գործընթացը այն իր մեջ կրում է այլ ասպեկտներ, դա նաեւ սպաների սոցիալական ապահովության երաշխիքների կամ կոռուպցիոն երևույթների կանխարգելման ապահովումն է: Ամփոփելով եթերը՝ նա կարևորեց հետեւյալը. «Պետք է քաղաքացիների շրջանում վստահություն ձևավորել պաշտպանական գերատեսչության նկատմամբ՝ ոչ թե էմոցիոնալ ընկալում, այլ գիտակցված վստահություն, որը հնարավոր է միայն հաշվետվողականության եվ թափանցիկության միջոցով:
Նշվեց, որ փորձարկված մոդելը 2009թ. գարանանային եվ աշնանային զորակոչի ընթացքում կկիրառվի Հայաստանոի տարբեր մարզերում այլ կազմակերպությունների կողմից արդեն ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ:
Հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեին բարձրացնել իրենց հուզող հարցերը: Հարցերը հիմնականում վերաբերվում էին ուսման հիմքով տարկետմանը, ծնողազուրկ զորակոչիկների բանակ զորակոչելուն, բուժզննության ժամանակ առաջացած խախտումներին: Եթերի ընթացքում իրենց հարցերը բարձրացրեցին 8 քաղաքացի:
Այն հեռուստադիտողներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն խորհուրդ տրվեց այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ- Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: