Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումները նոր դատավարական նորմերի շրջանակներում
19:25, April 26, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք2013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նման դրույթի սահմանումը անմիջականորեն փոխկապակցված է թե՛ ՀՀ-ում բոլորի համար հավասարապես փաստաբանական ծառայությունների մատչելիության, թե՛ անվճար իրավաբանական օգնության համակարգի կայացվածության հետ: Քանզի, նույնիսկ այն պարագայում, երբ նման սահմանափակումները հետապնդեն իրավաչափ նպատակ, անհրաժեշտ է արձանագրել, որ նրանք հանդիսանում են ժամանակավրեպ, հաշվի առնելով, որ թե´ փաստաբանական ծառայությունների, թե´ անվճար իրավաբանական օգնության համակարգի ներկայիս զարգացվածության պայմաններում չափազանց դժվար կլինի ապահովել յուրաքանչյուր անձի համար Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:
Եվ բացի այն, որ նման իրավակարգավորումները անտեղի և լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրացման ճանապարհին, նաև հակասության մեջ են գտնվում ՀՀ օրենսդրության, ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի շրջանակներում արտահայտված դիրքորոշումների հետ:
Համանման իրավակարգավորումներ է պարունակում նաև 2014 թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը: Տվյալ պարագայում Վարչական դատավարության օրենսգքրի այս դրույթը ինքնին պարունակում է վերոնշյալ վտանգները: Այդուհանդերձ քրեական դատավարության շրջանակներում Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումներ մտցնելը նպատակահարմար կլիներ կատարել առնվազն վարչական դատավարության շրջանակներում՝ դրանց ազդեցության գնահատման արդյունքում:
Հաշվի առնելով արդար դատաքննության իրավունքի շրջանակներում յուրաքանչյուրի համար հավասար պայմաններում դատարանի մատչելիության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խնդրի իրավական վերլուծություն է կատարել և մշակել առաջարկություն, որը ս.թ. փետրվար-մարտ ամիսներին ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարություն և ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Խնդրի վերլուծությունը ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: