Տեղական իմպիչմենտ Վանաձորում
00:00, March 31, 2007 | Արդար դատաքննության իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՄարտի 27-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբի դիմումը՝ ընդդեմ թիվ 30 ընտրատարածքյին ընտրական հանձնաժողովի՝ նախաձեռնող խումբը գրանցելու որոշում ընդունելու պարտադրելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 21.03.2007թ. «Տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին» որոշումը և պարտադրել է կայացնել նոր որոշում՝ տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2007թ-ի մարտի 21-ի որոշմամբ մերժել էր նախաձեռնող խումբը գրանցելու խնդրանքը: Ընտրական հանձնաժողովը իր որոշումը կայացրել էր քվեարկությամբ, առանց նախաձեռնող խմբի անդամների մասնակցության: ՀՀ ընտրական օրենսգրքի 401 հոդվածի երրորդ պարբերությունը , սակայն, սահմանում է, որ դիմումատուն իրավունք ունի մասնակցել իր դիմումի քննարկմանը: Տվյալ դեպքում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առանց նախաձեռնող խմբի մասնակցության դիմումը քննարկելիս թույլ է տվել ՀՀ ընտրական օրենսգրքի խախտում: Խախտումը վերացնելու նպատակով էլ տեղական հանրաքվե անցկացնելու մտադրություն ունեցող նախաձեռնող խումբը դիմեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանը պարտավորեցրեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կայացնել նոր որոշում՝ նախաձեռնող խմբի մասնակցությամբ: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Ավելի հասկանալի դառնալու համար նշենք, որ սույն նախաձեռնող խումբը ցանկանում է Վանաձորի քաղաքապետին անվստահություն հայտնելու համար տեղական հանրաքվե անցկացնել, ինչը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Ի դեպ, նախաձեռնող խումբը ԸԸԿ-ում գրանցվելու դեպքում, պետք է հավաքի Վանաձորում գրանցված ընտրողների հինգ տոկոսի չափ, այսինքն 4600 ստորագրություն, որից գետո տեղական հանրաքվե նշանակելու հարցը պետք է հայտնվի Վանաձորի քաղաքապետարանի օրակարգում: Նշենք նաև, որ այս պահին ձևավորված նախաձեռնող խումբը կազմված է 6 հոգուց, որոնց թվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, Վանաձորի տնակային ավանի բնակիչներ կարինե Այվազյանը, Խաչիկ Շահբազյանը, ՍԻՄ անդամ Սևակ Դերձյանը, թոշակառու Վոլոդյա Աբազյանը, ՀՔԱ անդամ Էդգար Խաչատրյանը: Նրանք Վանաձորի քաղաքապետին մեղադրում են ՀՀ օրենսդրության, և մասնավորապես Հողային օրենսգրքի և «Աճուրդների մասին» օրենքի խախտումների մեջ: Ի դեպ, թիվ 30 ԸԸՀ-ի առաջիկա նիստը նախատեսված է երկուշաբթի օրը: Նշենք, նաև, որ սա այսօրինակ առաջին նախաձեռնությունն է Հայաստանում, և իրապես շատ հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Հանրաքվեի նախաձեռնության դրական ելքը, իհարկե, հեղափոխական փոփոխությունների կարող է ենթարկել ՀՀ իշխանական համակարգը, որը հենված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
http://www.hzh.am/31.03.07.html