ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
00:00, February 9, 2008 | Արդար դատաքննության իրավունքՓետրվարի 11-ին, ժամը 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ Առաջին Նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի հայցը:
ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` պահանջելով անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները:
«Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»,-ասվում է նրա ՍԴ ներկայացրած դիմումում:
Իսկ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հաղորդագրության, Առաջին Նախագահի առաջադրման Նախաձեռնող խումբը, իսկ հետագայում` Նախընտրական շտաբը, ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված քարոզչական հնարավոր բոլոր միջոցները հաղթահարելու պետական քարոզչության հետեւանքները. « Սակայն, այդ ճանապարհին պետական մարմինների կողմից իրականացված զանգվածային օրինախախտումները /բռնություններ, հարկային ճնշումներ, ձերբակալություններ եւ այլն/ եւ «Հայլուր» ծրագրի անսահմանափակ հնարավորությունները, խոչընդոտել են Առաջին Նախագահին` պաշտպանել իր ընտրական իրավունքը»:
Շտաբը հայտարարում է, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսից, Առաջին Նախագահի դեմ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից կիրառվել է նախադեպը չունեցող քարոզչություն, ինչն իր հերթին փոխանցվել է նաեւ մասնավոր հեռուստաընկերություններին:
Նախընտրական շտաբը հարկադրված դիմել է ԿԸՀ-ին` առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, մասնավորապես, առաջարկելով նաեւ իր տարբերակը, այն է` հնարավորություն ստեղծել Առաջին Նախագահի խոսքը հեռարձակել «Հայլուր» ծրագրով` նրա դեմ կիրառված ապօրինի քարոզչության ժամանակահատվածի հաշվարկով:
«Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ փետրվարի 8-ին «Հայլուր» լրատվական ծրագիրն իր ժամը 13.00-ի հաղորդման մեջ աղավաղված է ներկայացրել ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի բովանդակությունը, այն մեկնաբանելով, որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ,- ասվում է քիչ առաջ շտաբի տարածած հաղորդագրության մեջ,-
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին: Բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, եւ դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջեւ»:
Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի հոդված 90-ի` «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=57322